Արփինե Սարգսյանը բացառում է քաղաքացիների տվյալների արտահոսքը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից հետո
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը բացառում է քաղաքացիների տվյալների արտահոսքը կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից հետո։
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մասնավոր ընկերությանը լիազորությունների պատվիրակումը տվյալների փոխանցման վտանգ չի պարունակում, նախարարը վստահեցրեց, որ վտանգ չկա, քանի որ գործառույթները հստակ սահմանված են։ «Բոլոր ինքնիշխան իրավունքները պահպանված են պետության ձեռքում, նախատեսված են վերահսկողության միջոցներ»,– հայտարարեց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ սպասարկման կետերի պահպանությունը կիրականացնեն ոստիկանության գվարդիայի ուժերը։
Առաջին փուլում նախատեսվում է բացել 2 սպասարկման կետ Երևանում և 14-ը՝ մարզերում, իսկ մարտին դրանց ընդհանուր թիվը կհասնի 23-ի։ Պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտության դեպքում կբացվեն նոր կետեր։ Նախատեսված են նաև տնայցեր, սակայն առայժմ պարզ չէ՝ դրանք վճարովի կլինեն, թե ոչ։ Եթե տնայցերը վճարովի լինեն, պետությունը կսուբսիդավորի անապահով քաղաքացիների սպասարկումը։
Սարգսյանը հայտնեց, որ գործընթացը նախատեսում է նախնական գրանցում և անհրաժեշտ տվյալների մուտքագրում համակարգ, իսկ բուն սպասարկումը կտևի 5 րոպե։ Կգործի նաև ինքնասպասարկման համակարգ։ «Շատ հարմար է, կարծում եմ՝ քաղաքացիները կգնահատեն։ Եթե փորձը հաջող լինի, նման կետերի թիվը կավելանա։ Նախատեսվում է ինքնասպասարկման կետեր բացել Գյումրիում և Վանաձորում»,– նշեց Արփինե Սարգսյանը։
Նախարարն ընդգծեց, որ գործընթացի օպերատոր «Հայփաս» ՓԲԸ-ն Հայաստանի ռեզիդենտ է և գործում է ՀՀ օրենքներով։ Նրա խոսքով՝ տեղեկությունների արտահոսքը կանխելու նպատակով տեղեկատվության ցանկացած տեղաշարժ վերահսկվում է։ Կներգրավվի նաև բնակչության ռեգիստրը, և յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ինքնուրույն հետևել իրեն վերաբերող տեղեկատվության տեղաշարժին։
Կենսաչափական անձնագրի արժեքը կկազմի շուրջ 29 հազար դրամ։ Անդրադառնալով նոր փաստաթղթի թանկությանը՝ նախարարը հայտարարեց, որ դա օպերատորի սահմանած անձնագրի ինքնարժեքն է։ Նա նաև նշեց, որ ընկերությունը ներդնում է 20 մլն, իսկ բյուջե ոչինչ չի մուտքագրվի։
Սարգսյանը կրկնեց, որ անապահովների համար «մենք կվճարենք»։ Այսինքն՝ անապահով քաղաքացիների կենսաչափական անձնագրերի ծախսը կհոգա պետությունը՝ հարկատուների միջոցներով։ Կենսաչափական անձնագրերի ներդրումը նախարարը բացատրեց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման նպատակով։