Կարո՞ղ է հայ բժիշկը փոխել Ժնևի խաղի կանոնները․ Health Policy Watch-ի անդրադարձը
Առողջապահական քաղաքականության միջազգային Health Policy Watch պարբերականն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի ընտրություններին նվիրված հատուկ հարթակում ներկայացրել է հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանին՝ անդրադառնալով նրա մասնագիտական ուղուն, Բոտսվանայի կողմից առաջադրված թեկնածությանը և ԱՀԿ բարեփոխման ծրագրին։
Անդրադառնալով ԱՀԿ գլխավոր տնօրենի 2027 թվականի ընտրություններին՝ պարբերականը յոթ թեկնածուների շարքում առանձնացնում է Գևորգ Թամամյանի եզակի միջտարածաշրջանային առաջադրումը․ հայ բժշկի թեկնածությունն առաջադրել է աֆրիկյան Բոտսվանան՝ փոխելով ԱՀԿ ղեկավարի ընտրությունների ավանդական աշխարհագրական տրամաբանությունը։
Հոդվածում ներկայացվում է նաև նրա մասնագիտական ուղին՝ Հայաստանում մանկական ուռուցքաբանության համակարգի զարգացումից մինչև համաշխարհային առողջապահության կառավարման բարեփոխումների օրակարգ։
Հրապարակման առանցքային հարցն է՝ կարո՞ղ է ավանդական դիվանագիտական շրջանակներից դուրս եկող թեկնածուն փոխել Ժնևում ձևավորված կառավարման համակարգը։
Health Policy Watch-ն առանձնացնում է Թամամյանի «ԱՀԿ-ն քեզ համար» («WHO for U») հայեցակարգը, որի հիմքում մարդկանց առողջության վրա իրական ազդեցությունն է։ Ըստ նրա՝ ԱՀԿ արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե վարչարարական գործընթացներով, այլ առողջապահական շոշափելի արդյունքներով։
Ուշագրավ առաջարկներից է «Առանց թափուր աշխատատեղերի» («No Empty Desks» ) նախաձեռնությունը, որով նախատեսվում է ԱՀԿ-ում կադրերի ընդունման գործընթացի ժամկետը ներկայիս միջին 154 օրից կրճատել մինչև առավելագույնը 60 օր։ Թամամյանն առաջարկում է նաև երիտասարդ մասնագետներին ավելի ակտիվ ներգրավել որոշումների կայացման գործընթացում և ամրապնդել կազմակերպության հաշվետվողականությունը։
Բարեփոխումների մյուս ուղղություններն են Գլոբալ հարավում դեղագործական տեղական արտադրության զարգացումը, երկրների առողջապահական ինքնուրույնության ամրապնդումը և ԱՀԿ նկատմամբ միջազգային վստահության վերականգնումը։
«Առողջապահությունը տարածաշրջանային բլոկ չէ», - ընդգծում է Թամամյանը՝ անդրադառնալով Բոտսվանայի կողմից իր թեկնածության առաջադրմանը։
Պարբերականն անդրադառնում է նաև Հայաստանում նրա գործունեությանը։ Նշվում է, որ 31 տարեկանում Թամամյանը ղեկավարել է մանկական քաղցկեղի բուժման ծառայությունների միավորման գործընթացը՝ նպաստելով մասնագիտացված կենտրոնի զարգացմանը, բուժման միասնական չափորոշիչների ներդրմանը և մասնագետների պատրաստմանը։ Հոդվածում ներկայացված տվյալների համաձայն՝ մանկական քաղցկեղի բուժման հաղորդված գոյատևման ցուցանիշները հասել են մոտ 80 տոկոսի։
Միաժամանակ Health Policy Watch-ը քննարկում է Թամամյանի թեկնածության առջև ծառացած մարտահրավերները՝ մասնավորապես խոշոր միջազգային կառույցի ղեկավարման փորձի և առաջարկվող բարեփոխումների գործնական իրականացման հարցերը։