Բելառուսի Անվտանգության խորհրդում հայտարարել են ՀԱՊԿ ամբողջ սահմանով բարդ իրավիճակի մասին
ՀԱՊԿ-ի ամբողջ սահմանով իրավիճակը բարդ է, անհրաժեշտ է վերահսկողության տակ պահել առկա մարտահրավերներն ու սպառնալիքները՝ ճգնաժամային իրավիճակների զարգացումը կանխելու համար:
Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի առաջին տեղակալ Ալեքսանդր Նևերովսկին։
«Այսօր իրավիճակը բավականին բարդ է, ընդհանուր առմամբ՝ ամբողջ ՀԱՊԿ-ի սահմանով՝ ինչպես հարավից, այնպես էլ արևմուտքից», – Մինսկի միջազգային համաժողովի շրջանակում անցկացվող «ՀԱՊԿ-ը Մեծ Եվրասիայում. իրավիճակն ու հեռանկարները» թեմատիկ քննարկման ժամանակ լրագրողներին ասել է Նևերովսկին։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է վերահսկել առկա մարտահրավերներն ու սպառնալիքները և ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ ՀԱՊԿ անդամ երկրներում և ընդհանրապես Եվրասիական տարածքում ճգնաժամային իրավիճակների զարգացումը կանխելու համար։
Միևնույն ժամանակ Նևերովսկին ընդգծել է, որ Բելառուսը խաղաղության օրակարգի հետևողական կողմնակից է, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում նրա առաջ քաշած նախաձեռնությունները։