Միգուցե՞ մեր երկրին արտաքին անվտանգություն պետք չէ՝ ՆԳՆ-ն մի քանի հոգու անվտանգությո՞ւն պետք է ապահովի. Ղազարյանը՝ ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին
«Միգուցե՞ մեր երկրին արտաքին անվտանգություն պետք չէ՝ ՆԳՆ-ն մի քանի հոգու անվտանգությո՞ւն պետք է ապահովի, էդ ինչ է եղել, որ այդպիսի շեշտակի աճ է նախատեսվում»,-ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, տեղեկանալով, որ 2027 թ-ին ՆԳՆ ֆինանսավորումը 44%-ով է աճել։
Տեղեկացնելով, որ նախորդ տարիներին ՆԳՆ-ն աջակցություն է ստացել նաև արտասահմանից՝ մասնավորապես Փրկարարական ծառայությունը՝ Ղազարյանը հետաքրքրվեց, թեդիտարկվում են նման ֆինանսական հոսքերը, որպեսզի բյուջեից նույն ծրագրերի համար կրկնակի ֆինանսավորում չլինի։
Հովհաննիսյանն ասաց, որ ՆԳՆ-ում տարիներ առաջ մեկնարկել են բարեփոխումներ և դրանց բնականոն ընթացքն ապահովելու համար է բյուջեից ֆինանսավորման 44% աճը
«ՆԳՆ-ն մեկ կամ մի քանի հոգու անվտանգությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է բոլորի անվտանգությամբ»,- ասաց ֆինանսների նախարարը՝ հավելելով որ միջազգային ֆինանսավորումից տեղյակ չէ։
Էդգար Ղազարյանը ասաց, որ առաջին անգամ է լսում, որ ֆինանսների նախարարը տեղյակ չէ մի քանի միլիոն դոլարի արտաքին ֆինանսավորումից։