Փեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրապարակային հայտարարությամբ անդրադարձել է երկրի անվտանգության սպառնալիքներին և բարձրաստիճան ղեկավարների ֆիզիկական ոչնչացման հնարավորությանը։
Իր ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ պետության կայունության գլխավոր գործոնը հասարակության աջակցությունն է։
«Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, ապա նույնիսկ եթե թշնամին սպանի ինձ և ինձ նման հազարավոր մարդկանց, միևնույն է՝ ոչինչ չի կարողանա անել։ Մենք ի վիճակի ենք վճռականորեն հաղթահարել հակառակորդի բոլոր սպառնալիքները»,– հայտարարել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանի հայտարարությունը հնչել է Իրանի շուրջ պահպանվող ռազմական և արտաքին քաղաքական լարվածության, ինչպես նաև Թեհրանի ռազմավարական օբյեկտներին և բարձրաստիճան պաշտոնյաներին հնարավոր հարվածների մասին միջազգային լրատվամիջոցների հաղորդումների ֆոնին։
Իրանի պաշտոնյաները նախկինում ևս հայտարարել են, որ երկրի պետական կառավարման համակարգը պատրաստ է պահպանել կայունությունը էսկալացիայի ցանկացած սցենարի դեպքում։