Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողների
Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացու հայտարարել է անցանկալի անձ և արգելել նրանց մուտքը երկիր, հայտնում է Vesti.az-ը։
Ցուցակում ընդգրկվել են Իրանի խորհրդարանի գործող և նախկին պատգամավորներ, երկու այաթոլլա, Keyhan թերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական փորձագետներ և հեռուստահաղորդավար։
Ինչպես հաղորդվում է, որոշումն ընդունվել է «Ադրբեջանի, նրա ղեկավարության և պետական կարգի դեմ ուղղված վիրավորական հայտարարությունների, մեղադրանքների և կոչերի» հաճախացման ֆոնին։
Ադրբեջանի իշխանությունները ցուցակում ընդգրկված իրանցիներին մեղադրում են «կրոնական արմատականության քարոզչության, թշնամանք հրահրելու, Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ելույթների և իշխանության բռնի փոփոխության կոչերի» մեջ։
Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկվել են՝
1. Էհսան Մովահեդիան՝ քաղաքական վերլուծաբան, փորձագետ և Թեհրանի Ալամե Թաբաթաբայիի անվան համալսարանի դասախոս։
2. Ահմեդ Ֆարշբաֆիան՝ Թավրիզի համալսարանին կից Կովկասի և Անատոլիայի հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար։
3. Քամրան Ղազանֆարի՝ Իրանի Իսլամական խորհրդի մեջլիսի պատգամավոր։
4. Ալիռեզա Բեյգի՝ Իրանի Իսլամական խորհրդի մեջլիսի նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան։
5. Աբուլֆազլ Զոհրևանդ՝ Իրանի Իսլամական խորհրդի մեջլիսի պատգամավոր։
6. Աբբաս Մողթադայի Խորասանի՝ Իրանի Իսլամական խորհրդի մեջլիսի պատգամավոր։
7. Ալիռեզա Սալիմի՝ Իրանի Իսլամական խորհրդի մեջլիսի պատգամավոր։
8. Հոսեյն Շարիաթմադարի՝ իրանական Keyhan թերթի գլխավոր խմբագիր։
9. Այաթոլլա Մոհսեն Արաքի՝ Իրանի գերագույն առաջնորդին ընտրող Փորձագետների խորհրդի, ինչպես նաև Ընդունվող որոշումների նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ։
10. Այաթոլլա Մոհամմադ Ջավադ Ֆազել Լենքորանի՝ Ղոմի հոգևոր ճեմարանի հեղինակների և դասախոսների ընկերության անդամ, Ղոմ քաղաքում գործող «Աիմմեի Աթհար» իսլամական իրավունքի կենտրոնի ղեկավար։
11. Աբդոլհոսեյն Խոսրոուփանահ՝ Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի քարտուղար։
12. Հոջաթ օլ իսլամ Ղոլամռեզա Քավաշի՝ Թավրիզի ուրբաթօրյա իմամի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, ինչպես նաև Արևելյան Ադրբեջան նահանգում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։
13. Դարիուշ Սաֆարնեժադ՝ պրոֆեսոր և քաղաքական փորձագետ։
14. Ահմադռեզա Մուսավի՝ դերասան և հեռուստահաղորդավար։