Ձեզ մոտ ապրումակցման զգացում նույնիսկ չկա. Վարդևանյանը՝ Գալյանին
«Հայաստանում կալանքը ոչ թե որպես պատիժ է իրականում դրսևորվում, այլ որպես անմարդկային վերաբերմունք է իրացվում»,-ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում ֆունդամենտալ խնդիրներ կան։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձագանքեց. «Մենք չենք ասում «Նուբարաշենը» քանդվում է, վայ, մենք ասում ենք՝ այդտեղ վերանորոգում անելն այն ծավալով, որով արվում են այլ ՔԿՀ-ներում...։
Այլ ՔԿՀ-ներում ունենք նորմալ պայմաններ»։
Նա նշեց, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն առանձնահատուկ կարգավիճակ ունի, կառավարության ռազմավարության մեջ նշած է եղել։
«Եթե կոնկրետ մարդկանց կոնկրետ պահման պայմանների մասին եք խոսում, օրինակ, ձեր թիմակիցների, եկեք դրանք քննարկենք այստեղ։ Ես կարող եմ հերթով բոլորի պահման պայմանների մասին խոսել, նույնիսկ կարող եմ ասել, թե բարձրացված դիմումի հետքերով գնալու պայմաններում ինչ ընդառաջ քայլեր ենք արել այդ մարդկանց նկատմամբ»,- ասաց Գալյանը։
Վարդևանյանը նշեց. «Ձեր պատասխանները, մեղմ ասած, անհանգստացնող են։ 2019 թվականից խոսվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակման մասին, սակայն 2026 թվականն է, խոսում եք դրա փակման մասին, բայց դա չի փակվել։ Ասում եք՝ սեյսմիկ հետազոտություն եք արել, կարող է քանդվի, ու մի հատ էլ ձեզ մոտ ապրումակցման զգացում նույնիսկ չկա։ Այնտեղ մարդիկ են գտնվում։ Երբ դուք ասում եք՝ ինչ անեմ, տանեմ տուն, թե ուրիշի տուն, կներեք՝ այդ հարցի հասեցատերը դուք եք»։