Ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվը
Ռուսաստանն ու Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում բանակցությունների նոր փուլ կանցկացնեն՝ ռազմական հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Հանդիպումը կլինի շուրջ իննամսյա ընդմիջումից հետո եռակողմ ձևաչափով առաջին բանակցությունը։ Կողմերը մտադիր են քննարկել ռազմական գործողությունների դադարեցման պայմանները, անվտանգության երաշխիքներն ու հումանիտար հարցերը։ Մոսկվան և Կիևը նախկինում համաձայնել էին վերսկսել բանակցությունները, սակայն Վաշինգտոնի հայտարարած ժամկետները դեռ առանձին չեն հաստատել։
Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատանքային մակարդակով կմիջնորդի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություննրը:
«Սա հերթական քայլը կլինի պատերազմը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի նախաձեռնության իրականացման ճանապարհին»,- գրել է ԱՄՆ հատուկ բանագնացը X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների հիմնական ուշադրությունը կկենտրոնանա պատերազմի ավարտից հետո անվտանգության ապահովման, լարվածության թուլացման, հումանիտար ջանքերի և խաղաղության հասնելու ուղղությամբ հետագա քայլերի վրա։
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցեն Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների կազմերը դեռ չեն հրապարակվել։
«Մենք հույս ունենք զարգացնել Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը և շարժվել դեպի համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրի կնքում, որը երկարաժամկետ անվտանգություն կապահովի ապագա սերունդների համար»,- հայտարարել է Ուիթքոֆը։