Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի անվտանգության IV միջազգային համաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի առաջիկա ամիսներին։
«Ուկրաինայում պատերազմն առաջիկա ամիսներին կավարտվի։ Սա իմ անձնական կարծիքն է։ Բոլորը՝ ուժերն ու ռեսուրսները սպառվել են, բոլորը հոգնել են։ Երբ խոսում եմ ռեսուրսների մասին, նկատի չունեմ, թե ինչ-որ տեղ դրանց պակաս կա։ Ռուսաստանը բավականաչափ ռեսուրսներ ունի ամբողջ աշխարհի համար։ Ռեսուրսները սպառվել են մարդկանց մտքերում։ Բոլորը հոգնել են այս պատերազմից»,- ասել է նա։
Լուկաշենկոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը և արժանանում հիմնավոր քննադատության, սակայն միաժամանակ զսպում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը։
«ԱՄՆ նախագահին արժեր Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել թեկուզ միայն այն բանի համար, որ նա թույլ չտվեց եվրոպացիներին միջուկային հակամարտություն հրահրել»,- հավելել է Լուկաշենկոն։