շրջանակում։ Հայկական կողմը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ պահանջելով դրանք ճանաչել առևտրային խոչընդոտ։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 21-ին հայտնել էր, որ եթե սահմանափակումները ճանաչվեն առևտրային խոչընդոտ, ապա դրանք կիրառող երկիրը պետք է 30 օրվա ընթացքում վերացնի դրանք։
Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք․ ԵԱՏՄ-ի այս հարցով որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։ Այսինքն՝ Ռուսաստանի համաձայնությունը ևս անհրաժեշտ է։ Եվ հենց Ռուսաստանն է այն երկիրը, որի դեմ Հայաստանը բողոք է ներկայացրել։
Նախարարը չի թաքցրել, որ Հայաստանի բողոքի քննության արդյունքը կարող է որոշիչ լինել ԵԱՏՄ-ի ապագայի համար։
«Եթե այն սահմանափակումները, որ մեր նկատմամբ կիրառվել են, անդամ մյուս երկրները խնդիր չտեսնեն դրա հետ, ես կարող եմ ասել՝ անդամ մյուս երկրները պետք է սպասեն իրենց հերթին»,– հայտարարել է Պապոյանը։
Այս հայտարարությունը փաստացի զգուշացում է ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին․ եթե միության ներսում թույլատրվում է սահմանափակել մեկ երկրի արտադրանքի մուտքը մյուսի շուկա, ապա նույն մեխանիզմը կարող է կիրառվել նաև մյուս անդամների նկատմամբ։
Սակայն Հայաստանի դիրքորոշման համար վճռորոշ է ոչ թե հայտարարությունների կոշտությունը, այլ այն, թե ինչ արդյունք կգրանցվի նոյեմբերի 10-ին։
Նիստի հետաձգման հետևում ի՞նչ կա․
Պապոյանը հրաժարվել է մանրամասնել, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է նիստը հետաձգվել։ Այս պահին հրապարակային տեղեկություններ չկան, որ Ռուսաստանը համաձայնել է վերացնել սահմանափակումները կամ հայկական կողմին որևէ երաշխիք է տվել։
Հնարավոր է՝ հայկական կողմը բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ է խնդրել։ Հնարավոր է՝ քննարկվում են փոխզիջումային լուծումներ։ Սակայն այս վարկածներից որևէ մեկը հաստատված չէ։
Հարց է առաջանում՝ եթե Հայաստանի պահանջը հիմնավոր է, և սահմանափակումները հակասում են ԵԱՏՄ կանոններին, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ եղել հետաձգել դրանց քննարկումը։ Արդյո՞ք հայկական կողմը սպասում է Ռուսաստանի հետ նոր պայմանավորվածության, թե՞ ԵԱՏՄ ներսում փորձում է ապահովել որոշման ընդունման համար անհրաժեշտ քաղաքական աջակցությունը։
Այս հարցերի պատասխանները Պապոյանը դեռ չի ներկայացրել։
Մինչդեռ հայկական արտադրողների համար ժամանակը շարունակում է անցնել։ Սահմանափակումները կարող են հարվածել արտահանողներին, գյուղատնտեսական տնտեսություններին և այն բիզնեսներին, որոնց հիմնական շուկան Ռուսաստանն է։
Նոյեմբերի 10-ի քննարկումը, հետևաբար, պարզապես հերթական նիստ չէ։ Այն կարող է ցույց տալ՝ արդյոք ԵԱՏՄ-ն ունի գործուն մեխանիզմ՝ իր անդամների տնտեսական շահերը պաշտպանելու համար, թե՞ միության ներսում քաղաքական և տնտեսական ուժերի հարաբերակցությունն ավելի կարևոր է, քան ընդհանուր կանոնները։
Հայաստանի իշխանությունները պահանջում են վերացնել սահմանափակումները, բայց հանրությանը դեռ չեն բացատրել՝ ինչու են հետաձգել այդ պահանջի քննությունը։
Նոյեմբերի 10-ին պարզ կդառնա՝ Հայաստանը մեկ շաբաթ ժամանակ է շահել իր պահանջը պաշտպանելու համար, թե՞ հերթական անգամ ստիպված է եղել սպասել Ռուսաստանի որոշմանը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։