Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը
Իրանը պատրաստ է երկու օրվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը կատարի Թեհրանի մի շարք պահանջներ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ հայտնում է The New York Times-ը։
«Եթե Իրանի օրինական պահանջներն ընդունվեն և կատարվեն, երկու օրվա ընթացքում հնարավոր կլինի կյանքի կոչել նեղուցի բացման ամբողջ ծրագիրը, վերականգնել անվտանգությունը Հորմուզի նեղուցում և սկսել բանակցային գործընթացը», – լրագրողներին ասել է Բաղային՝ ընդգծելով, որ ծրագրի իրականացումն ամբողջությամբ կախված է Վաշինգտոնի գործողություններից։
Թեհրանի պահանջների թվում են ամերիկյան պատժամիջոցների վերացումը, իրանական ակտիվների ապասառեցումը և Իրանի նավահանգիստների ծովային շրջափակման դադարեցումը։
Բացի այդ, Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Օմանի և Իրանի միջև նեղուցով անցման հետագա կառավարման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։