Նիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամ
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին հաճախ ենք լսում պետական միջոցների խնայողության, թափանցիկության և հաշվետվողականության մասին։
Բայց երբ խոսքը հասնում է հենց իշխանության ընտանիքի և նրա մերձավոր շրջապատի գործունեությանը, մի շարք հարցեր մնում են անպատասխան։ Այս անգամ հարցերը վերաբերում են Աննա Հակոբյանի երկու օգնականներին՝ Լիլյա Բադալյանին և Վարդուհի Մանուկյանին։
NewsPress.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք օրերով աշխատանքի չեն ներկայանում, սակայն վարձատրվում են։
Ընդ որում՝ նրանցից մեկի աշխատավարձի աղբյուրը, ըստ տեղեկությունների, վարչապետի աշխատակազմն է, մյուսինը՝ «Իմ քայլը» հիմնադրամը։ Եվ այստեղ ամենակարևոր հարցն է առաջանում․ եթե նրանք վարչապետի աշխատակազմի աշխատակիցներ չեն և պետական համակարգում աշխատանքային գործառույթներ չեն իրականացնում, ապա ի՞նչ հիմքով են պետական միջոցներից աշխատավարձ ստանում։
Իսկ եթե նրանց վարձատրությունը կատարվում է հիմնադրամից, ապա ի՞նչ աշխատանք են կատարում այնտեղ և ո՞վ է վերահսկում այդ վճարումները։ Հատկանշական է, որ Աննա Հակոբյանն ինքը 2018 թվականից ղեկավարում է «Իմ քայլը» հիմնադրամը։
«Հրապարակ»-ի հրապարակման համաձայն՝ 2025 թվականին հիմնադրամից նա ստացել է ավելի քան 21,7 միլիոն դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ հիմնադրամը պարզապես հասարակական նախաձեռնություն չէ, այլ նաև աշխատավարձերի վճարման հստակ ֆինանսական կառույց։
Բայց հարցը միայն աշխատավարձերը չեն։ Եթե Աննա Հակոբյանն այլևս չի իրականացնում պետական կարգավիճակից բխող որևէ գործառույթ, ապա ինչո՞ւ պետք է նրա նախկին գործունեության հետ կապված աշխատատեղերը պահպանվեն պետական համակարգում կամ պետական միջոցներով ֆինանսավորվեն։ Իսկ եթե այդ անձինք շարունակում են աշխատել նրա հետ, ապա ո՞րն է նրանց աշխատանքի իրավական հիմքը։
Վարչապետի պաշտոնական աշխատակազմի հրապարակած կառուցվածքում նշված են վարչապետի օգնականների անունները, սակայն Լիլյա Բադալյանի և Վարդուհի Մանուկյանի անունները այդ ցանկում չկան։ Հետևաբար վարչապետի աշխատակազմը և «Իմ քայլը» հիմնադրամը պետք է հստակ պատասխանեն՝
1.Ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում Լիլյա Բադալյանը և Վարդուհի Մանուկյանը։
2.Որտե՞ղ են ձևակերպված նրանց աշխատանքային պայմանագրերը։
3.Ո՞ր կառույցից և ի՞նչ չափով են աշխատավարձ ստանում։
4.Ինչ աշխատանքային պարտականություններ ունեն և ինչպե՞ս է վերահսկվում դրանց կատարումը։
5.Եթե նրանցից որևէ մեկի աշխատավարձը վճարվում է պետական բյուջեից, ապա ո՞րն է դրա հիմնավորումը։
Պետական միջոցները որևէ մեկի անձնական կամ ընտանեկան շրջապատի ֆինանսավորման աղբյուր չեն։ Իսկ եթե ամեն ինչ օրինական է, ապա ինչո՞ւ չպարզաբանել։ Հանրությունից թափանցիկություն պահանջելը հեշտ է։ Ժամանակն է նույն թափանցիկությունը ցույց տալ սեփական շրջապատի հարցերում։