Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները
Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները, իսկ այդ հատվածներում կայանված մեքենաների նկատմամբ կկիրառվեն տուգանքներ և քարշակման միջոցներ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ խաչմերուկների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է հետ քաշել խաչմերուկներին մոտ գտնվող կարմիր գծերը՝ երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ, կունենանք չնախատեսված հատվածներում կայանումներ, այս մասով աշխատում ենք ՆԳՆ մեր գործընկերների հետ, որպեսզի նման ավտոմեքենաներն անպայման տուգանվեն։ Երկրորդը՝ նման մեքենաների դուրսբերումն է քարշակների միջոցով, որովհետև նման պայմաններում, երբ երթևեկելի գոտին ուղղակի խցանվում է, կառավարման ոչ մի թվային տեխնոլոգիա մեզ էական օգուտ չի տալու»,-ասաց Սուրեն Գրիգորյանը։