ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ նոր պատերազմին
ԱՄՆ ռազմաօդային ուժերն Իսրայելի ավիաբազաներում կենտրոնացրել են առնվազն 47 լիցքավորող ինքնաթիռ, որոնք կարող են օգտագործվել Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու ժամանակ ռազմավարական և մարտավարական ավիացիայի գործողություններն ապահովելու համար։
Այս մասին վկայում են բրիտանական Military Air Tracking Alliance (MATA) ավիացիոն ռեսուրսի տվյալները։
Արբանյակային լուսանկարների համաձայն՝ ներկայումս Նեգև անապատում գտնվող Ռամոն ավիաբազայում տեղակայված է ամերիկյան 25 լիցքավորող ինքնաթիռ, Իսրայելի հարավում գտնվող Օվդա (Ուվդա) ավիաբազայում՝ ևս չորսը։ Եվս 18 ինքնաթիռ գտնվում է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։
Ավելի վաղ The Times of Israel թերթը հայտնել էր, որ անցած շաբաթ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 10 ռազմատրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ավիաբազաներում։
Այդ չվերթների մեծ մասը մեկնել է Թեքսաս նահանգի Էլ Պասո քաղաքում գտնվող ամերիկյան Բիգս ռազմական օդանավակայանից։ Այնտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի ՀՕՊ 69-րդ հրետանային բրիգադը, որը զինված է Patriot զենիթահրթիռային համալիրներով և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերով։
Ինքնաթիռների նշանակման վայրերն են եղել Իսրայելի Նևատիմ և Օվդա ավիաբազաները։