Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Միջազգային հանրությունն աճող հետաքրքրություն է ցուցաբերում Սև ծովում սահմանափակ զինադադարի կնքման նկատմամբ, որը թույլ կտար անարգել փոխադրել ռուսական և ուկրաինական հացահատիկն ու էներգակիրները։ Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ուսումնասիրում է հացահատիկի փոխադրումների վերսկսմանն ուղղված Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները։
«Սա սպառնալիք է ստեղծում ամբողջ աշխարհի պարենային անվտանգության, ինչպես նաև որոշ չափով՝ էներգետիկ անվտանգության համար։ Մենք կցանկանայինք հասնել այս համաձայնագրի կնքմանը։ Այն չի դադարեցնի պատերազմը, բայց թույլ կտա կարգավորել հակամարտության առանձին մի կողմը», — ասել է Ռուբիոն մամուլի ասուլիսի ժամանակ։
Առաջարկվող զինադադարը ենթադրում է Սև ծովում նավագնացության անվտանգության վերաբերյալ սահմանափակ պայմանավորվածություններ, այլ ոչ թե ռազմական գործողությունների ընդհանուր դադարեցում։ Վաշինգտոնը քննարկում է փոխադրումների վերականգնմանն ուղղված նախաձեռնությունները՝ պարենի և էներգառեսուրսների համաշխարհային մատակարարումների վրա հակամարտության հետևանքների մտահոգությունների ֆոնին։