Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ
Հոկտեմբերի 31-ին Ֆրանսիայում շուրջ 320 հազար մարդ մասնակցել է կյանքի թանկացման դեմ և ավագ դասարանների աշակերտների ուսման պայմանների բարելավման համար ացկացվող բողոքի ցույցերին, հայտնել է Le Monde-ը։
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Փարիզում հավաքվել է 70 հազար ցուցարար։
Մեկ շաբաթ առաջ իշխանություններն ամբողջ երկրում հաշվել էին բողոքի ցույցերի 410 հազար մասնակից, որոնցից 110 հազարը՝ մայրաքաղաքում։ Արհմիությունները դեռ չեն հրապարակել ընթացիկ ցույցերի մասնակիցների թվի վերաբերյալ իրենց գնահատականները։
Ռենում, պրեֆեկտուրայի տվյալներով, փողոց է դուրս եկել 13,5 հազար մարդ, մինչդեռ արհմիությունները հայտնել են 20 հազար մասնակցի մասին։ Լիմոժում ցուցարարների թիվը մոտեցել է երեք հազարի, իսկ Լա Ռոշելում հավաքվել է ավելի քան հազար մարդ։
Le Monde թերթի թղթակիցների տեղեկություններով՝ քաղաքների մեծ մասում ցույցերն անցել են խաղաղ, այդ թվում՝ Մարսելում, որտեղ ակցիան համաձայնեցված չէր իշխանությունների հետ։ Կարգուկանոնն ապահովելու համար ամբողջ երկրում մոբիլիզացվել են 70 հազար ոստիկան և ժանդարմ։
Փարիզում մասնակիցները քաղաքի արևելքում գտնվող Պորտ դը Բանյոլեից շարժվել են դեպի Պորտ դը Շարանտոն։ Ֆրանսիայի Պետական խորհուրդն ավելի վաղ ուժի մեջ էր թողել կազմակերպիչների առաջարկած՝ Բաստիլի և Նասիոն հրապարակների միջև ավանդական երթուղով երթն անցկացնելու արգելքը։ Պորտ դը Շարանտոնի շրջանում լարվածության մասին տեղեկություններ են ստացվել։ Բացի այդ, Ռոկետ փողոցի շրջանում շուրջ 200 մարդ չարտոնված երթ է կազմակերպել, հայտնել է Փարիզի ոստիկանության պետ Պատրիս Ֆորը։
Ուսանողական և աշակերտական կազմակերպությունները կոչ են արել երեքշաբթի և հինգշաբթի արգելափակել ուսումնական հաստատությունները։ Ֆրանսիայի ուսանողների ազգային միությունը հայտարարել է, որ կառավարությունը երիտասարդների պահանջներին դեռ չի արձագանքել կոնկրետ քայլերով։