Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէ
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները Հայաստանի համար շատ ավելի մեծ խնդիր են, քան մեկ գործարարի ունեցվածքի կամ առանձին քրեական գործերի պատմությունը։ Խոսքը Հայաստանի ամենախոշոր բիզնես համակարգերից մեկի մասին է, որի ակտիվները հայտնվել են պետական մարմինների պահանջների և դատարանի որոշումների կենտրոնում։ Իշխանությունը դատական գործընթացների միջոցով փորձում է պետության օգտին բռնագանձել Ծառուկյանին և նրա հետ փոխկապակցված անձանց վերագրվող մեծածավալ գույք։ Խոսքը տասնյակ անշարժ գույքերի, տրանսպորտային միջոցների, տարբեր ընկերություններում մասնակցությունների և ավելի քան 105 միլիարդ դրամի պահանջի մասին է։
Ավելին՝ «Արարատցեմենտ»-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը դատարանի որոշմամբ արդեն հանձնվել են պետությանը։ Նման որոշում է կայացվել նաև Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի բաժնետոմսերի վերաբերյալ։ Սա արդեն սովորական բիզնես վեճ չէ։ Երբ պետությունը սկսում է խոշոր գործարարի տնտեսական ամբողջ համակարգի նկատմամբ նման ծավալի գործընթաց, հարցն ինքնաբերաբար դուրս է գալիս մեկ անձի շրջանակներից։ Իշխանության բացատրությունը հայտնի է,խոսքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին է։ Բայց այստեղ կա մի կարևոր հարց՝ արդյո՞ք այս գործընթացների ամբողջ ծավալը, կիրառվող միջոցները և դրանց հետևանքները համարժեք են ներկայացվող իրավական պահանջներին։ Այդ հարցին պետք է պատասխան տան դատարանները, ոչ թե քաղաքական հայտարարությունները։ Մի բան, սակայն, ակնհայտ է,այս գործընթացներին հետևում են Հայաստանի բոլոր խոշոր գործարարները։ Նրանք տեսնում են, որ տարիներով կառուցված բիզնեսները, արտադրական ձեռնարկությունները և խոշոր ակտիվները կարող են հայտնվել պետական կառավարման կամ բռնագանձման պահանջների ներքո։ Եվ բնական է, որ հարց են տալիս՝ եթե այսօր նման գործընթաց է ընթանում Ծառուկյանի բիզնեսների շուրջ, վաղը ո՞վ կարող է հայտնվել նույն իրավիճակում։ Ծառուկյանի դեպքում կա նաև քաղաքական բաղադրիչ, որը շրջանցել հնարավոր չէ։ Նա տարիներ շարունակ եղել է քաղաքական դաշտի ազդեցիկ դեմքերից մեկը, ղեկավարել է սեփական քաղաքական ուժը և ունեցել է լուրջ տնտեսական ու քաղաքական կշիռ։ Հետևաբար նրա բիզնեսների շուրջ տեղի ունեցողը հասարակության մեջ անխուսափելիորեն քաղաքական հարցադրումներ է առաջացնում։
Իսկ ամենակարևորն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ իշխանությունը մի կողմից խոսում է ներդրումներ ներգրավելու, տնտեսական աճի և բիզնեսի զարգացման մասին, մյուս կողմից՝ Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկի ընկերությունների բաժնետոմսերի կառավարումն անցնում է պետությանը։ Ի՞նչ պետք է մտածի այս ամենը տեսնող ներդրողը։ Ի՞նչ վստահություն կարող է ունենալ այն գործարարը, որը Հայաստանում միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների ներդրում է կատարում, արտադրություն է հիմնում, աշխատատեղեր ստեղծում, եթե սեփականության իրավունքի շուրջ տարիներ անց կարող են այսպիսի լայնածավալ գործընթացներ սկսվել։ Պետականացումը կամ պետական կառավարման հանձնելը ինքնին տնտեսական հաջողություն չէ։ Պետությունը կարող է ստանձնել ձեռնարկության կառավարումը, բայց դա դեռ չի նշանակում, որ կարողանալու է նույն արդյունավետությամբ աշխատեցնել այն, պահպանել շուկան, ապահովել ներդրումներ և զարգացնել արտադրությունը։ Բիզնեսը միայն շենքերն ու հողատարածքները չեն։ Դրա հետևում մարդիկ են, աշխատատեղեր, արտադրական կապեր, մատակարարներ և տարիներով ձևավորված տնտեսական հարաբերություններ։ Եվ այստեղ մեկ այլ հարց էլ կա։ Եթե Ծառուկյանի գործով ներկայացվող պահանջները հիմնավոր են, դրանք պետք է ապացուցվեն դատարանում։ Բայց եթե գործարարն իրեն համարում է իր իրավունքների խախտման զոհ, նա էլ իրավունք ունի դիմելու բոլոր իրավական ատյաններին՝ այդ թվում միջազգային կառույցներին։
Այդտեղ արդեն Հայաստանի համար կարևոր է լինելու ոչ թե իշխանության այսօրվա հայտարարությունը, այլ այն, թե որքանով են պահպանվել սեփականության իրավունքի, արդար դատաքննության և իրավական պաշտպանության երաշխիքները։ Միջազգային հարթակներում Հայաստանի տնտեսական հեղինակությունը ձևավորվում է ոչ թե իշխանությունների խոսքերով, այլ իրական գործերով։ Ներդրողին հետաքրքրում է՝ արդյոք երկրում սեփականության իրավունքը պաշտպանված է, արդյոք դատարանները անկախ են, և արդյոք պետական մարմինները գործում են օրենքի հստակ սահմաններում։ Հայաստանը չի կարող միաժամանակ հայտարարել, որ ցանկանում է դառնալ ներդրումային երկիր, և անտեսել այն հարցերը, որոնք առաջանում են խոշոր բիզնեսի նկատմամբ պետական միջամտության հետևանքով։ Ի վերջո, Ծառուկյանի բիզնեսների շուրջ տեղի ունեցողը միայն նրա ունեցվածքի ճակատագրի հարց չէ։ Սա իշխանության տնտեսական քաղաքականության, սեփականության պաշտպանության և պետության ու խոշոր կապիտալի հարաբերությունների լուրջ փորձություն է։ Եթե նպատակը ապօրինի գույքը վերադարձնելն է, թող դա ապացուցվի դատարանում։ Բայց եթե այս գործընթացների հետևանքով Հայաստանում ձևավորվի այնպիսի տպավորություն, որ խոշոր բիզնես ունենալն ինքնին ռիսկ է, դրա հետևանքները շատ ավելի լայն են լինելու, քան մեկ գործարարի կամ մեկ քաղաքական գործչի պատմությունը։
Եվ ամենավտանգավորն այն է, որ այդ հետևանքները կարող են զգալ նաև այն գործարարները, որոնք երբեք քաղաքականության մեջ չեն եղել, պարզապես Հայաստանում բիզնես են ստեղծել ու ցանկանում են շարունակել աշխատել։