Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանն ու լուսանկարվել՝ նոր անձնագիր ստանալու համար: Այս գործընթացը, թերևս, պետք է ներկայացվեր որպես հերթական առաջընթաց և պետական ծառայությունների արդիականացում։ Բայց գեղեցիկ բացումների հետևում մի շարք լուրջ հարցեր են առաջանում, որոնց իշխանությունները պարտավոր են պատասխանել։
Նախ՝ անձնագրային բաժանմունքները փակվելու են, և քաղաքացիները ստիպված են լինելու օգտվել կենտրոնացված սպասարկման համակարգից։
Հասկանալու համար, թե ինչ դժվարություն կարող է դա առաջացնել՝ ներկայացնենք թվերով. նախկինում գործող 47 անձնագրային ստորաբաժանման փոխարեն (մինչև 2023թվականը դրանց թիվը հասել է 63-ի), այժմ գործելու է ընդամենը 14 նոր սպասարկման գրասենյակ, որտեղ կիրականացվի անձնագրերի և ID քարտերի տրամադրում:
Ովքեր գոնե մեկ անգամ օգտվել են անձնագրային բաժանամունքերից, ապա հավանաբար հասկանում են, թե ինչ է սպասվում մինչ այդ էլ գերծանրաբեռնված անձնագրային համակարգին։
Այսօր էլ քաղաքացիները հաճախ ստիպված են լինում երկար սպասել, իսկ հերթագրված քաղաքացիներին անգամ մեկ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկելն է խնդիր դառնում։ Այս ֆոնին շատ հետաքրքիր է՝ իշխանությունները հաշվարկե՞լ են, թե ինչ է լինելու սպասարկման հասանելիության հետ բաժանմունքների կրճատումից հետո։ ԹԵև, անգամ առանց բարդ հաշվարկների, պարզ է, որ համակարգի աշխատանքը կաթվածահար է լինելու:
Մյուս կողմից էլ հնարավոր է, որ այնքան էլ չգերծանրաբենվեն այդ գրասենյակները՝ հաշվի առնելով անձնագրերի արժեքը:
Սա արդեն համակարգի ներդրման հետ կապված երկրորդ և առավել ցավոտ հարցն է:
Եթե նախկինում պետական վճարը կազմում էր 1000 դրամ, ապա այժմ խոսքը 28 650 դրամի մասին է։ Այսինքն՝ նախկին 1,000 դրամանոց սովորական անձնագրի համեմատ՝ նորի արժեքը բարձրացել է 27,650 դրամով։
ՆԳՆ-ի պարզաբանմամբ՝ 28,650 դրամը նոր համակարգի ամբողջական ինքնարժեքն է, իսկ շարքային քաղաքացու համար սա ոչ թե պարզապես գնային փոփոխություն է, այլ լուրջ ֆինանսական բեռ՝ հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Ի՞նչ պետք է անի երեք, չորս կամ ավելի անդամ ունեցող ընտանիքը, երբ յուրաքանչյուրի համար նոր անձնագիր ստանալը վերածվում է զգալի ծախսի։
Թանկանալու է նաև ID քարտերի արժեքը: Թեև, անձնագրի նոր գնի տարբերությունն այնքան մեծ է, որ ID քարտերինը՝ պարզապես չնչին է թվում, սակայն նախկին 3000 դրամի փոխարեն՝ քաղաքացին վճրալեու է 5950 դրամ, այսինքն՝ կրկնակի գին:
Ընդ որում, ID քարտերի վավերականության ժամկետը նախկին 10 տարվա փոխեարեն այժմ կլինի 5 տարի ժամկետով:
Դեռ փառք Աստծո, որ անձնագրերինը վավերականության ժամկետը ևս չեն կրճատել:
Իհարկե, եթե չունես բավականաչափ գումար նոր անձնագիր ստանալու համար, ապա ստիպված կլինես բավարարավել միայն ID քարտով, որը թեև ավելի էժան է, բայց պետք է իմանալ, որ սա չի փոխարինում արտասահման մեկնելու համար անհրաժեշտ անձնագրին: Հայաստանի սահմանը ID քարտով չեք կարող հատել:
Ստացվում է՝ պետությունը, փոխանակ քաղաքացու կյանքը հեշտացնելու, նրա համար նոր խոչընդոտներ է ստեղծել։ Անձնագիրը շքեղություն չէ, առավել ևս՝ այն չպետք է դառնա միայն ֆինանսապես ապահով խավի հասանելի ծառայություն։
Այստեղ հարց է առաջանաւոմ՝ սա իսկապե՞ս քաղաքացիների սպասարկումը բարելավելու ծրագիր է, թե՞ հերթական թանկարժեք համակարգը, որի ֆինանսական բեռը դրվում է հասարակ քաղաքացու ուսերին։
Գուցե այս համակարգը մեկ այլ երկում համարվում է բարեկեցության ցուցիչ, բայց ՀՀ քաղաքացուն այն ընտրության առաջ կկանգնեցնի՝ կա՛մ վճարիր, կա՛մ զրկվիր ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։
Պետությունը կարող է ներդնել ամենաժամանակակից համակարգերը, բացել նոր գրասենյակներ և խոսել թվայնացման ու արդիականացման մասին, բայց եթե այդ ամենի արդյունքում շարքային քաղաքացին ստիպված է լինում մի քանի անգամ ավելի շատ վճարել սեփական անձնագիրը ստանալու համար, իսկ ծառայությունից օգտվելն ավելի դժվար է դառնում, ապա առաջընթացի մասին զուտ խոսակցությունները ոչ միայն բավարար չեն, այլ պարզապես ավելորդ են։
Արմինե Մկրտումյան