Ռուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին
Գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը (ՌԴ ԶՈւ) շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի բանակի շահերից ելնելով օգտագործվող լոգիստիկ և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։
Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունից հավելել են, որ հարձակման հետևանքով Կիևում խոցվել է թիվ 6 ջերմաէլեկտրակենտրոնը (ՋԷԿ), որն էլեկտրաէներգիա է մատակարարում ռազմական լոգիստիկայի օբյեկտներին, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի պահեստավորման վայրերին։
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր, որ Ուկրաինայի մայրաքաղաքում երեք անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վնասվել է կենսական նշանակության ենթակառուցվածքային օբյեկտ։ Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով քաղաքում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Էներգետիկները սկսել են վերականգնողական աշխատանքները։
Մոտ 20 րոպե անց Կլիչկոն հավելել է, որ Օբոլոնի շրջանում բնակիչների ջրամատակարարումը վերականգնվել է, Սվյատոշինի, Պոդոլսկի և Շևչենկոյի շրջաններում ջուրը դեռ մատակարարվում է ցածր ճնշմամբ, իսկ Դնեպրի ձախափնյա հատվածում ջրամատակարարումը դեռևս բացակայում է։