«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ դեպքի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա առկա է եղել վերգետնյա հետիոտնային անցում։