Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենում
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ այս գիշեր Վարշավայում ուժային եղանակով զավթվել է երկրի բարձրագույն դատական մարմիններից մեկը՝ Սահմանադրական տրիբունալը։
Նավրոցկին այս մասին ասել է հավաքված ցուցարարների առջև ելույթի ժամանակ։
«Այս գիշեր Լեհաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել հասարակական կարգի խախտում և սահմանադրական պետական մարմնի ուժային զավթում։ Ես խորհրդակցել եմ Գերագույն դատարանի առաջին նախագահ, դատավոր Զբիգնև Կապինսկու հետ, որը նույնպես օրինական չի համարում Սահմանադրական տրիբունալում իշխանությունը յուրացնող անձանց գործողությունները», — հայտարարել է նա։
Լեհաստանի Սահմանադրական տրիբունալը սահմանադրական վերահսկողության բարձրագույն մարմինն է, որը ստուգում է օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Այն նաև քննում է պետական կենտրոնական մարմինների լիազորությունների վերաբերյալ վեճերը և քաղաքացիների բողոքները՝ սահմանադրական իրավունքների խախտումների առնչությամբ։
Տրիբունալի որոշումները պարտադիր են բոլորի համար և վերջնական։ Հետևաբար, դրա կազմի և ղեկավարության նկատմամբ վերահսկողությունը կարևոր քաղաքական նշանակություն ունի. դատարանը կարող է հակասահմանադրական ճանաչել խորհրդարանի և կառավարության ընդունած օրենքները։
Նավրոցկին կոչ է արել վերականգնել օրինականությունն ու հասարակական կարգը, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ լքել Սահմանադրական տրիբունալի տարածքը։