Թրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները
Թրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ հարձակումների ոչ պաշտոնական դադարը գործում է հոկտեմբերի 20-ականներից, երբ Կիևի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամը գագաթնակետին էր։ Ակնկալվում է, որ այն կտևի մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին անցկացվելիք միջանկյալ ընտրությունների ավարտը։ Ըստ պարբերականի՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներ չեն հասցվի նաև ընտրություններից հետո որոշ ժամանակ՝ նոյեմբերի ընթացքում։
Ուկրաինայի կախվածությունը Starlink արբանյակային կապի ծառայությունից, իրեն փոխանցվող ամերիկյան հետախուզական տվյալներից և Patriot զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված կալանիչ հրթիռներից պահպանել է նրա խոցելիությունը ԱՄՆ-ի ճնշման նկատմամբ, նշում է WSJ-ը։ Օսլոյում անցկացված հանդիպման ժամանակ տեսակապով միացած Ջարեդ Քուշները կոչ է արել 30 օրով դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, հավելում են լրագրողները։ Նման դադարը «կարող էր Ուկրաինայի համար իր երախտագիտությունը ցույց տալու միջոց լինել», Թրամփի փեսայի խոսքերն է մեջբերում WSJ-ը։
Ըստ աղբյուրներից մեկի՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան Զելենսկուն հայտնել է, որ «զինվորականները հանգել են այն եզրակացության, որ դիվանագիտական նուրբ իրավիճակի պատճառով ավելի լավ է ձեռնպահ մնալ նավթավերամշակման գործարաններին հարվածելուց», գրում է DW-ն։ Զելենսկին համաձայնել է, սակայն ընդգծել, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան կրկին հարվածներ հասցնել նավթավերամշակման գործարաններին, եթե դա անհրաժեշտ համարեն, հավելել է աղբյուրը։