Դատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան
«Դատախազությունը վարույթ է ընդունել արեւմտամետ ուժերի, կամ ավելի շուտ՝ «արեւմտամոլ» ուժերից մեկի դիմումը, որ վերաբերում է Հարավկովկասյան երկաթուղիների գործունեությունը քննելուն։ Հարավկովկասյան երկաթուղիները այն ընկերությունն է, որ Ռուսական երկաթուղիներ պետական ընկերությունը ստեղծել է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը իրացնելու համար»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումին ընթացք տալուն։
Հիշեցնենք՝ երեկ Արամ Սարգսյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները, երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժումն ու պետությանը հնարավոր պատճառված վնասը և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։
Հակոբ Բադալյանը նշում է.
««Արեւմտամոլ» ուժը, որ մատնանշում եմ, տվյալ դեպքում Արամ Զ․ Սարգսյանն է։ Այստեղ հարց է առաջանում, նա այդ դիմումը համաձայնեցրե՞լ է Փաշինյանի հետ, թե՞ ոչ։ Ըստ իս՝ թերեւս ոչ։ Համենայն դեպս, առավել մեծ է հավանականությունը, որ այդ դիմումը համաձայնեցված է արեւմտյան շրջանակների հետ, քան Փաշինյանի։
Հատկանշական է, որ դիմումը փաստորեն հաջորդում է թե արտահերթ ընտրության մասին Փաշինյանի հայտարարությանը, թե նաեւ նրա հանդիպմանը Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզյորովի հետ, որից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը խնդիր չունի ռուսական կոնցեսիայի հետ կապված, այլ ուզում է, որ երկաթուղին լինի մրցունակ։
Իհարկե, դատախազությունը դիմումը վարույթ է ընդունել թերեւս մեծ հավանականությամբ Փաշինյանի հետ համաձայնեցնելով։ Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի որոշել է չսրել իրավիճակ, չսրել հակադրություն, հատկապես ԵՄ մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է հարեւանության ու ընդլայնման քաղաքականության վերաբերյալ հավաքին։ Վերջին հաշվով՝ վարույթ ընդունելը դեռ ամենեւին չի նշանակում հայտնաբերել ինչ որ հանցանք։ Ի վերջո հակառակը, կարող է ստացվել, որ ամեն ինչ կարգին է եւ Հարավկովկասյան երկաթուղիների գործունեությունը չունի ոչ մի «կրիմինալ»»։