Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. Կոբախիձե
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է ինչպես ադրբեջանա-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստում, այնպես էլ երկու երկրների վարչապետների երկկողմ հանդիպման ընթացքում։
Կոբախիձեն նշել է, որ վերջին տարիներին սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերում առաջընթաց չի արձանագրվել։
«Ադրբեջանցի մեր բարեկամների հետ ցանկանում ենք այս ուղղությամբ արագ առաջընթացի հասնել։ Անհրաժեշտ է վեճի յուրաքանչյուր հարցը քննարկել բարեկամաբար։ Այդպիսի հարցերը շուրջ 15-ն են, և մենք պետք է ակտիվորեն աշխատենք դրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ», — ասել է նա։