Մոսկվան այլևս չի թաքցնում դժգոհությունը․ հայ-ռուսական հարաբերությունները նոր լարվածության փուլում
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը գնալով ավելի բացահայտ է դառնում։ Մոսկվայի դժգոհությունն այլևս չի սահմանափակվում դիվանագիտական հայտարարություններով․ այժմ դրա թիրախում են հայտնվում նաև Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ «Իվանների» մասին գրառումը ռուսական կողմի կոշտ արձագանքի պատճառ է դարձել։ Սկզբում դժգոհություն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ապա ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է քննարկել մարզպետին Ռուսաստան մուտք գործելն արգելելու հարցը։ Առուշանյանը, անդրադառնալով Գյումրու օրվա առթիվ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած միջոցառմանը, գրել էր․ «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»։ Ռուսական կողմը դա որակել է որպես ռուսների նկատմամբ վիրավորական արտահայտություն՝ նույնիսկ այն համեմատելով նացիստական բառապաշարի հետ։ Հետաքրքիր է նաև, թե ինչպես են այս իրավիճակին արձագանքել Հայաստանի իշխանությունները։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին հայտարարել է, որ մարզպետին պաշտոնից ազատելու մտադրություն չունի, միաժամանակ նշել, որ նման հարցերում պետք է առավելագույնս կոռեկտ լինել։ Իսկ ՔՊ-ական պատգամավոր Սարիկ Մինասյանը փորձել է Առուշանյանի «Իվանների» մասին արտահայտությունը ներկայացնել որպես գյումրեցու հումորային համեմատություն՝ ասելով, որ կարող էր նաև «Ռաշիդ» ասել։ Այս արձագանքներն էլ բավական խոսուն են։ Մի կողմից՝ Փաշինյանը չի պատրաստվում ազատել մարզպետին, մյուս կողմից՝ խուսափում է Ռուսաստանի հետ ուղիղ հակասության մեջ մտնելուց։ Ստացվում է՝ իշխանությունը փորձում է միաժամանակ պաշտպանել իր պաշտոնյային և չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Բայց սա առաջին դեպքը չէ, երբ Շիրակի պաշտոնյայի շուրջ նման պատմություն է առաջանում։ NewsPress.am լրատվական կայքի տեղեկություններով՝ Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի՝ Ռուսաստան մուտքի արգելքի հարցը կապված էր համայնքում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը տեղափոխելու նախաձեռնության հետ։ Ըստ այդ տեղեկությունների՝ նրա մուտքը Ռուսաստան 50 տարով արգելելու որոշում է կայացվել։ Երկու տարբեր պատմություն, բայց նույն ուղղությամբ եկող ազդակներ։ Մի դեպքում՝ համայնքապետի որոշում, մյուս դեպքում՝ մարզպետի հրապարակային խոսք։ Եվ երկու դեպքում էլ Մոսկվան իր դժգոհությունը հասցնում է Հայաստանի պաշտոնյաներին։ Սակայն այստեղ ավելի մեծ խնդիր կա։ Հայաստանը հայտարարում է ինքնուրույն արտաքին քաղաքականության մասին, խոսում է եվրոպական ուղղությամբ շարժվելու մասին, բայց Ռուսաստանի հետ ունեցած կախվածությունները դեռ թույլ չեն տալիս լիարժեք անկախ դիրքորոշում ցուցաբերել։ Երբ Մոսկվայից դժգոհություն է հնչում, Երևանը նախընտրում է զգուշավոր արձագանքել՝ ուղիղ առճակատման փոխարեն։
Շիրակի մարզպետի պատմությունը հերթական օրինակն է, թե որքան զգայուն են դարձել հայ-ռուսական հարաբերությունները։ Հարցն այլևս միայն Դավիթ Առուշանյանի արտահայտությունը չէ։ Հարցն այն է, թե ինչու Հայաստանի իշխանությունը չի կարողանում հստակ սահման դնել դաշնակցային հարաբերությունների և սեփական երկրի քաղաքական ինքնուրույնության միջև։ Եթե Հայաստանը ցանկանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, ապա այդ ինքնուրույնությունը պետք է երևա նաև այն ժամանակ, երբ Մոսկվան դժգոհ է։ Հակառակ դեպքում ինքնիշխանության մասին հայտարարությունները կմնան հայտարարություններ, իսկ կախվածության հարցը՝ չլուծված։ Իսկ Մոսկվան, կարծես, հենց այս հակասությունն է օգտագործում՝ հիշեցնելու, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դեռ ազդեցության լծակներ ունի։