Խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց Ադրբեջանում. Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանը մտադիր է Հարավային Կովկասում ձևավորել տարածաշրջանային անվտանգության կայուն համակարգ, որն ի վիճակի կլինի դիմակայելու պատերազմների հանգեցնող գործոններին և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը խափանելու փորձերին։
Այս մասին Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Խոսքը հայտարարությունների մակարդակում խաղաղության կամ պարզապես թղթի վրա խաղաղության մասին չէ։ Մենք ստեղծում ենք իսկապես կենսունակ խաղաղություն՝ այնպիսին, որը մարդիկ կկարողանան զգալ»,- ընդգծել է նա։
Նա նշել է, որ 30 տարի շարունակ Ադրբեջանը Հայաստանի հետ գտնվել է հակամարտության և առճակատման վիճակում, իսկ իր տարածքները մնացել են օկուպացված։ 2023 թվականին այդ շրջանն ավարտվել է։
Պատերազմի ավարտից հետո, շարունակել է Հաջիևը, Ադրբեջանը դիվանագիտական համարձակություն է ցուցաբերել։ Երկրի նախագահն ու ղեկավարությունը քաղաքական առաջնորդություն են դրսևորել՝ Հայաստանին խաղաղություն առաջարկելով։
«Խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց մեր երկրում։ Մենք խաղաղության ձեռք ենք մեկնել հարևան Հայաստանին։ Մեր առջև երկու ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն։ Մենք ընտրեցինք հավերժական խաղաղության ճանապարհը»,- ասել է նա։
«Խաղաղություն նվաճելը շատ ավելի դժվար է, քան պատերազմում հաղթելը։ Այսօր ես ուրախ եմ, որ ողջ Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելու ռազմավարության շրջանակում մենք հաջողություններ ենք գրանցում նաև խաղաղության գործընթացում»,- հայտարարել է նա։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում Ադրբեջանը ևս անցյալը թողնում է հետևում։
«Որոշ վերքեր դեռ թարմ են, և մենք չենք կարող աչք փակել որոշ հիշողությունների վրա։ Սակայն միևնույն ժամանակ մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն»,- ընդգծել է նա։
Հաջիևն ավելացրել է, որ երկու երկրներն արդեն հաստատել են առևտրային կապեր և աշխատում են տրանսպորտային կապերի ստեղծման ուղղությամբ։