Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին ու Բրյանսկին. կան զոհեր
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի Բրյանսկի մարզում խաղաղ բնակիչը ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Եգոր Կովալչուկը։
Նրա տեղեկացմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել Նավլյա ավանում։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր բնակելի տանը, ինչի հետևանքով զոհվել է 19-ամյա երիտասարդ։
«Խորին ցավակցություններս եմ հայտնում զոհվածի հարազատներին ու մտերիմներին։ Ընտանիքին անհրաժեշտ օգնություն կտրամադրենք»,- ընդգծել է մարզի ղեկավարը։
Կովալչուկը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների հետևանքով մեկ տուն ամբողջությամբ այրվել է, իսկ մեկ այլ շենքում վնասվել են ապակիները։
Հոկտեմբերի 29-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել էր նաև Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում 1985 թվականին ծնված տղամարդու վրա։ Այդ պահին խաղաղ բնակիչը էլեկտրական սկուտերով երթևեկելիս է եղել։ Հարվածի հետևանքով նա զոհվել է։ Բնակավայրի քաղաքապետ Մաքսիմ Պուխովը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին։