Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված ոստիկանների թիվը հասնում է 1200-ի
Ֆրանսիայում սեպտեմբերի կեսերից մինչև այսօր տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 1193 ոստիկան և ժանդարմ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Նախարարի խոսքով՝ հասարակության տարբեր խմբերի, ինչպես նաև աշակերտների և դպրոցների աշխատակիցների զանգվածային բողոքի ցույցերն ուղեկցվել են քաոսով, բռնությամբ, վանդալիզմով և թալանով։ Իրավապահները բազմաթիվ վնասվածքներ են ստացել, սակայն դրանց մեծ մասը համեմատաբար թեթև է եղել։ Նշվում է, որ փողոցային ցույցերի մասնակիցները ոստիկանների վրա քարեր և ճայթրուկներ են նետել:
Նունյեսը նշել է, որ Ֆրանսիայի ՆԳՆ-ն ուժեր է մոբիլիզացնում շաբաթ օրը նախատեսված հերթական բողոքի ցույցերի կապակցությամբ։ Ներգրավվելու են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հեծյալ խմբեր, ծառայողական շներով ստորաբաժանումներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և զրահափոխադրիչներ։
«Հոկտեմբերի 31-ին նախատեսվում է տեղակայել 70 000 ոստիկան և ժանդարմ։ Սա բացառիկ գործողություն է՝ նույնպիսի, ինչպիսին իրականացվել էր հոկտեմբերի 24-ին», — պարզաբանել է նախարարը՝ ևս մեկ անգամ հաստատելով քաղաքների կենտրոններում հավաքներ անցկացնելու գործող արգելքը։