Բոսնիա և Հերցեգովինայում կործանվել է Եվրամիության EUFOR առաքելության ուղղաթիռը․ հաղորդվում է երեք զոհի մասին
Եվրամիության EUFOR առաքելության ռազմական ուղղաթիռը կործանվել է Բոսնիա և Հերցեգովինայի Բրչկո քաղաքի մերձակայքում գտնվող Գորիցե բնակավայրի շրջանում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել։ EUFOR-ը հաստատել է միջադեպի փաստը, սակայն զոհերի թիվը պաշտոնապես դեռ չի հաղորդվել, հաղորդում է բոսնիական Klix.baպարբերականը։
«EUFOR-ը կարող է հաստատել, որ այսօր Բրչկոյի շրջանում պլանային գործողության ժամանակ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով կործանվել է մեր օդանավերից մեկը»,- ասվում է առաքելության հայտարարության մեջ։
EUFOR-ում ընդգծել են, որ միջադեպի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքները, գույքն ու տրանսպորտային միջոցները չեն վնասվել։ Քաղաքացիական բնակչության շրջանում ևս տուժածներ չկան։
Առաքելությունը հայտնել է կործանման հանգամանքների համակողմանի քննություն սկսելու մասին։ Լրացուցիչ տեղեկություններ խոստանում են տրամադրել փաստերը պարզելուց հետո, երբ դա նպատակահարմար լինի։
Ուղղաթիռի կործանման վայր են օպերատիվորեն ժամանել Բրչկոյի օկրուգի ոստիկանության աշխատակիցները, հրշեջներն ու շտապօգնության բրիգադները։ Միջադեպի տարածքը շրջափակվել է։
EUFOR-ը բնակիչներին կոչ է արել վթարի մասին չհաստատված տեղեկություններ չտարածել և հետևել բացառապես պաշտոնական ալիքներով տարածվող հաղորդագրություններին։
Ակնկալվում է, որ Բրչկոյի օկրուգի ոստիկանությունը մոտ ժամանակներում միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի։