Թրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարել Էրդողանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Զրույցը տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության օրվա և Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի առթիվ Անկարայում կազմակերպված՝ օտարերկրյա առաջնորդների մասնակցությամբ ընթրիքի ժամանակ, հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերի 29-ին նշվող Հանրապետության օրվա և Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի առթիվ կազմակերպված՝ առաջնորդների մասնակցությամբ ընթրիքի ժամանակ»,- ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ։
Էրդողանն ամերիկացի գործընկերոջը փոխանցել է ընթրիքին ներկա առաջնորդների ողջույնները։ Նա պատմել է նաև Թյուրքական պետությունների կազմակերպության առաջիկա 13-րդ գագաթնաժողովի մասին, որը կանցկացվի Անկարայում, և վստահություն հայտնել, որ հանդիպման մասնակիցները կազմակերպության հետագա զարգացմանը նպաստող որոշումներ կընդունեն։ Ըստ նրա՝ ավելի քան 200 միլիոն մարդ ներկայացնող միավորումը կարևոր դեր է խաղում Կենտրոնական Ասիայում կայունության և անվտանգության ամրապնդման գործում։
Թրամփն իր հերթին հաջողություն է մաղթել առաջիկա գագաթնաժողովին, հայտնել են Էրդողանի գրասենյակից։
Երկու նախագահների նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին։ Այդ ժամանակ նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական գործընթացի վերսկսմանը նպաստելու՝ Թուրքիայի պատրաստակամության մասին, ինչպես նաև ընդգծել է Հորմուզի նեղուցի և Եմենի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման անհրաժեշտությունը։ Թրամփը Թուրքիայի ղեկավարին և երկրի ժողովրդին շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ։