ՀՀ-ն ու Բուլղարիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գլխավոր տնօրինության տնօրեն, բարձր հանձնակատար Անտոն Զլատանովին։
Նա ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացի, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչպես նաև ներքին գործերի համակարգի կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գլխավոր տնօրինության տնօրեն, բարձր հանձնակատար Անտոն Զլատանովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել Բուլղարիայի՝ եվրոպական ինտեգրման ուղին, այդ գործընթացում իրականացված օրենսդրական և կառուցվածքային բարեփոխումները։
Անտոն Զլատանովն անդրադարձել է նաև սահմանային անվտանգության ապահովման, միգրացիոն հոսքերի կառավարման և անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում Բուլղարիայի փորձին։
Կողմերը քննարկել են սահմանների համալիր կառավարման, սահմանների վերահսկողության, սահմանային անցակետերի մեծ ծանրաբեռնվածության պայմաններում ծառայությունների արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև անդրազգային հանցավորության, թմրամիջոցների, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև սահմանային վերահսկողության տեխնիկական միջոցների արդիականացմանը, ծառայությունների գործունեության կազմակերպմանը, կառուցվածքային բարեփոխումներին և մասնագիտական կարողությունների կատարելագործմանը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնելու երկկողմ համագործակցությունը։