ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սեպտեմբերին հակամարտության սրումից ի վեր Եմենում զոհերի թիվը հասել է 1677-ի, իսկ վիրավորներինը՝ 7395-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ Մարիբը պատերազմից ամենաշատ տուժած նահանգն է, որին հաջորդում են Թաիզն ու Լահջը։
ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ մարտական գործողությունների վերսկսումից ի վեր 276 301 մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը։
Կազմակերպությունը զգուշացրել է, որ կենսական նշանակություն ունեցող ծառայությունների շարունակական խափանումները, դեղորայքի, վառելիքի և ջրի պակասը, ինչպես նաև թափոնների կառավարման անբավարար համակարգը մեծացնում են վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգը, հատկապես՝ Թաիզում։
Եմենում պատերազմ է ընթանում 2014 թ. սեպտեմբերից, երբ հութիները գրավեցին մայրաքաղաք Սանան և մի քանի այլ նահանգ։ 2015 թ. մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան միջամտեց հակամարտությանն՝ աջակցելով Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։
Սեպտեմբերից հակամարտող կողմերը շարունակ հարվածներ են հասցնում մեկը մյուսին։