Փաշինյանի սրտով էր․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ քաղաքական օրակարգը շեղելու հարմար առիթ
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Փաշինյանի արձագանքից այնպիսի տպավորություն էր, որ ՔՊ-ական պատգամավորները ոչ թե խայտառակվել են, այլ մի բան էլ լավ են արել։ Բայց եկեք նայենք՝ ինչի ֆոնին է այս ամենը տեղի ունենում։ Չորեքշաբթի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանին հարցեր էին ուղղվում Հայաստանի երկաթուղու կառավարման պայմանագրի և TRIPP նախագծի շուրջ։
Խոսքը շատ լուրջ հարցերի մասին է՝ Հայաստանի ինքնիշխանություն, երկաթուղու կառավարում, անխոչընդոտ տեղաշարժի երաշխիքներ։ Այսինքն՝ հարցեր, որոնց պատասխանները մարդկանց համար կարևոր են, բայց որոնց շուրջ հստակություն պահանջելը իշխանությանը կարող է անհարմար լինել։ Ու հաջորդ օրը՝ խորհրդարանում ծեծկռտուք, աղմուկ, իրարանցում։ Հանրությունն արդեն քննարկում է ոչ թե երկաթուղու կառավարման պայմանագրի կամ TRIPP-ի շուրջ հարցերը, այլ պատգամավորների բախումը։ Արդյոք սա նախապես ծրագրվա՞ծ էր։ Նման պնդման համար փաստեր չկան։ Բայց մի բան ակնհայտ է՝ նման աղմուկը շատ հարմար է, երբ բուն քաղաքական հարցերը մղվում են երկրորդ պլան։ Փաշինյանն էլ կառավարության նիստում խոսում է պատգամավորի ձեռքը կոտրելու մասին՝ այնպիսի տպավորությամբ, կարծես խորհրդարանում իրար ծեծելը սովորական բան է։
Այսինքն՝ եթե ՔՊ-ականներն են ձեռք բարձրացնում, խնդիր չկա՞։ Կարևորը՝ իշխանականների ձեռքը վերևո՞ւմ լինի։ Բայց եթե իշխանության պահվածքը մտահոգիչ է, ընդդիմության անելիքն էլ պակաս մտահոգիչ չէ։ Եկեք անկեղծ լինենք՝ այս ընդդիմությունն ի՞նչ է անում, բացի կատարվածից հետո աղմուկ բարձրացնելուց։ Իշխանությունը թելադրում է օրակարգը, իսկ ընդդիմությունը վազում է դրա հետևից։ Ո՛չ լուրջ քաղաքական ճնշում, ո՛չ հետևողական պայքար, ո՛չ էլ այնպիսի նախաձեռնություն, որ իշխանությունը ստիպված լինի հաշվի նստել իր հետ։ Ամեն անգամ նույն պատկերն է․ իշխանությունը մի բան է անում, ընդդիմությունը հայտարարություններ է տարածում, դատապարտում, հետո անցնում հաջորդ թեմային։ Իսկ իրական քաղաքական արդյունքը ո՞ւր է։ Ընդդիմությունը սիրում է խոսել իշխանության սխալներից, բայց սեփական անելիքների մասին լռում է։ Եթե նման միջադեպից հետո էլ չեք կարողանում իշխանությանը քաղաքական պատասխանատվության առաջ կանգնեցնել, բա էլ ինչի՞ համար եք խորհրդարանում։ Պատգամավոր լինելը միայն դահլիճում նստելն ու հերթական ելույթը կարդալը չէ։ Խնդիրը միայն ընդդիմության քիչ թվաքանակը չէ։ Քիչ լինելը դեռ չի նշանակում անուժ լինել։ Բայց երբ նախաձեռնություն չկա, համախմբվածություն չկա, ազդեցություն չկա, իշխանությունը շատ հանգիստ անում է այն, ինչ ուզում է։
Իսկ ընդդիմությունը մնում է կատարվածը մեկնաբանողի դերում։ Փաշինյանի արձագանքից տպավորություն է ստեղծվում, որ նա առանձնապես մտահոգված չէ իր թիմակիցների պահվածքով։ Ընդդիմությունն էլ իր անգործությամբ կարծես թույլ է տալիս, որ իշխանությունը նույնիսկ նման միջադեպից հետո լուրջ քաղաքական գին չվճարի։ Իշխանությունը՝ բռունցքներով, վարչապետը՝ հավանության տպավորություն թողնող խոսքերով, ընդդիմությունը՝ հերթական անգամ իր անելիքը չգտնելով։ Հայաստանի ինքնիշխանության ու ռազմավարական հաղորդակցությունների մասին հարցերը մնում են երկրորդ պլանում։ Ահա այս պատկերն ունենք այսօր Ազգային ժողովում։
Մի խոսքով՝ ԱԺ-ում ծեծկռտուք է, Փաշինյանը՝ գոհ, իսկ երկրի կարևոր հարցերը՝ ստվերում։ Փաշինյանի բախտը բերել է նման ընդդիմության հարցում,իշխանությունը խայտառակվում է, իսկ ընդդիմությունը նույնիսկ սա չի կարողանում վերածել քաղաքական հարվածի։ Նման ընդդիմության կողքին Փաշինյանին թշնամի էլ պետք չէ, ավելի լավ նվեր իշխանությունը չէր էլ կարող ստանալ։