Նոյեմբերի 1-ից 30-ը կառավարությունը դրոշմապիտակներ կսահմանի սննդամթերքի, դեղագործական ապրանքների և որոշ բժշկական պարագաների վրա
«Հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածով Կառավարությանը տրված է նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները հաստատելու լիազորություն»,-կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը՝ զեկուցելով ՀՀ-ում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը։
Նրա խոսքով՝ փորձնական ծրագիրն առաջարկվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 1-ից 30-ը՝ որոշմամբ նշված սննդամթերքի, մասնավորապես՝ հրուշակեղենի կիսապատրաստուկների և սառեցված արտադրանքի համար և ծրագրի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՊԵԿ-ը արդյունքները կներկայացնի վարչապետի աշխատակազմ։
Մխիթարյանը տեղեկացրեց, որ չզեկուցվող փաթեթում ներառված էին Կառավարության ևս հինգ որոշում, որոնցով նույնպես սահմանվում են դրոշմավորման փորձնական ծրագրեր, որոնցում ներառված են բժշկական արտադրատեսակներ, դեղագործական արտադրանք, բժշկական պարագաներ և սարքավորումներ, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, լուսանկարչական ապարատներ, ավտոպահեստամասեր և անվադողեր, պիրոտեխնիկա, հրդեհային անվտանգության սարքավորումներ, խաղալիքներ և հեծանիվներ, բնական մորթուց հագուստ և պարագաներ։
«Փորձնական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա փորձնական փուլի ընթացքում փորձարկել դրոշմավորման մեխանիզմներն ու համակարգի ֆունկցիոնալությունը և կատարելագործել գործընթացները»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան վստահեցնելով որ դրա արդյունքները կլինեն ստվերային տնտեսության նվազեցումը, բիզնես միջավայրի թափանցիկության բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, իրական ժամանակում վիճակագրական տվյալների ստացումը և ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինների համագործակցության ավտոմատացումը, ինչպես նաև բիզնեսի համար ազնիվ մրցակցության ապահովումը, ստվերի կրճատման հաշվին ԵԱՏՄ տարածքում ապրանքաշրջանառության և արտահանման պարզեցումը։
Մխիթարյանը պնդեց, որ ծրագրով սպառողների համար այն կլինի կեղծ և անորակ ապրանքների շրջանառության սահմանափակումը, քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանությունը։