Ռազմական բախում Պակիստանի և Աֆղանստանի միջև. կան զոհեր և վիրավորներ
Պակիստանի և Աֆղանստանի զինծառայողների նոր բախումների հետևանքով երկու կողմերն էլ զոհեր և վիրավորներ են ունեցել։
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, Պակիստանի տարածքից գնդակոծության հետևանքով Աֆղանստանի արևելքում երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել արևելյան Նանգարհար նահանգի սահմանային շրջանում՝ «Թորխամ» անցակետի մոտ։
Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Պակիստանի չորս անօդաչու թռչող սարքեր նույնպես հարվածներ են հասցրել Պակտիկա նահանգում գտնվող ռազմական օբյեկտներին։
Աֆղանստանի զինծառայողներն ի պատասխան կրակ են բացել Պակիստանի տարածքի ուղղությամբ։ Պակիստանի սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ստորին Հարավային Վազիրիստանի շրջանում, աֆղան զինվորականների ականանետային գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։