Փաշինյանը որոշել է գյուղացիներին էլ հարկային դաշտ բերել
«Մենք պետք է գյուղատնտեսության ոլորտում հարկային որոշակի համակարգեր ներդնենք, ոչ այնքան ֆիսկալ, որքան սոցիալական նպատակներով»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց, թե տասնյակ գյուղերում մարդիկ հարցնում են, թե ինչու իրենց աշխատանքը ստաժ չի համարվում, ինքն էլ բացատրել է, որ աշխատանքային ստաժը և կուտակային կենսաթոշակը ձևավորվում է եկամտային հարկի վճարումներից, կամ պետք է ծերության թոշակ լինի, որը թոշակի նվազագույն չափն է։
Փաշինյանը վստահեցրեց, որ իր պարզաբանումից հետո գյուղացիներն ասել են, որ իրենց համար այդ հնարավորությունը ստեղծվի։
Նրա խոսքով` գյուղացիներին հարկային ոլորտ բերելով՝ նրանց կուտակային կենսաթոշակ ունենալու հնարավորություն են տալիս և առողջության ապահովագրության համակարգում ներառվեն։
«Գյուղացիները, գյուղացիական տնտեսություներն ոչ ամբողջությամբ են ներառված մեր բյուջետային համակարգի մեջ, այնքանով, որ նրանք որոշակի հատվածով ընդհանրապես դուրս են հարկային համակարգից, արդյունքում նրանք չունեն Հայաստանյան չափանիշենրով գոնե միջին թոշակային ապահովագրություն, առողջության ապահովագրություն և չեն օգտվում եկամտահարկի վերադարձի որևէ ծրագրից»,- ասաց Փաշինյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին որոշումը քննարկելիս։