Արցախից տեղահանվածներին աջակցությունը կերկարաձգվի․ ովքե՞ր կստանան 15, 30 և 50 հազար դրամ
Կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվել են Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Ծրագրերից մեկի շահառուները աջակցություն կստանան մինչև 2027 թվականի հունիսը ներառյալ, իսկ մյուս ծրագրի շահառուներին վճարումները կշարունակվեն մինչև 2027 թվականի դեկտեմբերը ներառյալ։
Առաջին ծրագրի շրջանակում Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց աջակցությունը կշարունակվի մինչև 2027 թվականի հունիսը։ 2027 թվականի հունվարից մարտը ներառյալ ամսական աջակցության չափը կկազմի 30 հազար դրամ, իսկ ապրիլից հունիսը ներառյալ՝ 15 հազար դրամ։
2026 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ ծրագրից օգտվում է շուրջ 46 հազար անձ։
Ծրագրի շահառուների թվում են առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք, 63 և ավելի տարեկան քաղաքացիները, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք, հանրակրթական կամ նախնական մասնագիտական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 18 տարին լրացած անձինք, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաները։
Երկարաձգվում է նաև Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը։ Դրա շահառուները մինչև 2027 թվականի դեկտեմբերը ներառյալ կշարունակեն ստանալ ամսական 40 հազար դրամ հիմնական և 10 հազար դրամ լրացուցիչ աջակցություն՝ ընդհանուր 50 հազար դրամ։
2026 թվականի հոկտեմբերին այս ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվել 8 հազար 600 ընտանիքի։
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամուտը 55 հազար դրամից ցածր է։ Ընտանիքի մեկ անդամի եկամուտը հաշվարկվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարը ընտանիքի անդամների թվին բաժանելու միջոցով։
Նշենք, որ Ղարաբաղից տեղահանված անձինք կարող են օգտվել նաև սոցիալական աջակցության այլ գործող ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։