Ալբանիայում ցույցերը շարունակվում են. երկրի վարչապետը որոշել է կատարել ուսանողների մի շարք պահանջները
Ալբանիայում ուսանողական բողոքի ցույցերի ալիքի ֆոնին կառավարությունը երկխոսության նպատակով նոր միջոցներ է ձեռնարկում՝ կապված կրթաթոշակների հետ։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ուսանողներին աջակցելու միջոցառումների մասին հայտարարության մեջ տեղեկացրել է անապահով ընտանիքների ուսանողների կրթաթոշակները 15 հազար լեկով բարձրացնելու, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողներին պետական կրթաթոշակային ծրագրում ընդգրկելու մասին։
Նրա խոսքով՝ ուսանողների ֆինանսական աջակցությունը կհասցվի նվազագույն աշխատավարձի կեսին՝ 25 հազար լեկի: Բացի այդ, խորհրդարանում ներկայումս քննարկվող բնակարանային նոր օրինագծում ներառվել են ուսանողների և երիտասարդ զույգերի համար արտոնություններ։
Վարչապետը նաև կոչ է արել ուսանողներին վերադառնալ բանակցություններին՝ հայտարարելով, որ կառավարությունը պատրաստ է թարմացնել 2018 թվականին ընդունված «Համալսարանի դաշնագիրը»։
Ռաման ընդգծել է նաև ուսանողների ներկայացուցիչների հետ բաց քննարկումներ անցկացնելու իր պատրաստակամությունը՝ ցանկացած ժամանակ և նրանց ընտրած վայրում։
Ավելի վաղ վարչապետն արդեն երկխոսության էր հրավիրել բողոքի ցույցերին մասնակցող ուսանողներին և դասախոսներին, սակայն նրա առաջարկը մերժվել էր։