Գերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համար
Գերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել, որը նախատեսված է պետական գերատեսչությունների, ընկերությունների և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների միջև գաղտնի տվյալների փոխանցման անվտանգությունը բարձրացնելու համար։ Նախագծին մասնակցում են դաշնային կառավարությունը և չորս երկրամասեր՝ Բավարիան, Բեռլինը, Սաքսոնիան և Թյուրինգիան։
Հոկտեմբերի 28-ին Բեռլինում ցանցի գործարկումը դարձավ 2019 թվականից իրականացվող QuNET հետազոտական նախաձեռնության եզրափակիչ փորձարկումը, հայտնում է dpa-ն։
Նախագծին մասնակցել են գերմանական գիտական կազմակերպություններ, դրանց թվում՝ Ֆրաունհոֆերի ընկերության և Մաքս Պլանկի ընկերության ինստիտուտները, ինչպես նաև Գերմանիայի ավիացիայի և տիեզերագնացության կենտրոնը։ Հետազոտությունների դաշնային նախարարությունը ծրագրին 125 միլիոն եվրո է հատկացրել։
Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հայտնաբերել փոխանցվող տվյալները որսալու փորձերը և ստեղծել գաղտնագրային բանալիներ, որոնք հայտնի են միայն ուղարկողին և ստացողին։ Ի տարբերություն գաղտնագրման ավանդական մեթոդների՝ բանալիների քվանտային բաշխման անվտանգությունը հիմնված է քվանտային մասնիկների ֆիզիկական հատկությունների վրա։ Դրանք որսալու փորձը կարող է փոխել մասնիկների վիճակը և հայտնաբերելի հետքեր թողնել։
Գերմանիայի հետազոտությունների նախարար Դորոթեա Բերը հայտարարել է, որ առկա գաղտնագրային մեթոդները հայտնվել են սպառնալիքի տակ, ուստի քվանտային կապը պետք է դառնա երկրի թվային ենթակառուցվածքի կարևորագույն տարրերից մեկը։
Թյուրինգիայի վարչապետ Մարիո Ֆոյգտը նախագիծն անվանել է գործնականում կիրառվող քվանտային կապի աշխարհի խոշորագույն ցանցը։ Այդուհանդերձ, ցանցն առայժմ մնում է հետազոտական ենթակառուցվածք, այլ ոչ թե առևտրային կապի համակարգ։ Տեխնոլոգիան նաև սահմանափակումներ ունի. օպտիկամանրաթելով մեծ հեռավորությունների վրա քվանտային ազդանշանների փոխանցումը պահանջում է միջանկյալ հանգույցներ, իսկ անվտանգությունը կախված է ոչ միայն ֆիզիկական սկզբունքներից, այլև սարքավորումների տեխնիկական իրականացումից։