Հայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համար
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատել է՝ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համար։ Դրա մասին նա հայտարարել է՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը նախ մեկնաբանեց կառավարության ղեկավարի կշտամբանքները, ըստ որոնց ընդդիմությունն այսօր սակավախոս է։ «Երբ պատասխանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս գրաքննության սահմաններից դուրս եկող խոսքեր ու ժեստեր… TRIPP-ի վերաբերյալ պարզ հարցեր են տալիս, ընդ որում՝ հարց տվողն իշխանական պատգամավոր է, իսկ Փաշինյանն ի պատասխան ասում է՝ «թող գլուխները պատին տան»։ Ի՞նչ եք առաջարկում՝ նույն ոգո՞վ պատասխանել։ Մեկ այլ իշխանական պատգամավոր հարցնում է՝ ի՞նչ անել ընդդիմադիր պատգամավորների հետ։ Քառատե՛ք ու այրե՛ք հրապարակում»,– նկատել է Խամոյանը։ Պատգամավորը հարց է ուղղել՝ դատարանների որոշումները պարտադի՞ր են, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ խոսքը դատարանի այն որոշման մասին է, որով ապօրինի են ճանաչվել երկրի երկրորդ նախագահի ընտանիքի անդամների բիզնես օբյեկտները կնքած քննիչների գործողությունները։
Պատասխանելով հարցին՝ Սրբուհի Գալյանը հաստատել է, որ ցանկացած ակտ ենթակա է պարտադիր կատարման, եթե օրինական ուժի մեջ է մտել։
Խամոյանը նշել է, որ ինքն էլ էր այդպես կարծում՝ իրավաբան չլինելով, և պարզաբանել, որ քննիչները հղում են անում դատախազներին ու հրաժարվում կատարել դատարանի որոշումը, ինչի առնչությամբ ինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Անցել է 10 օր, դատախազությունից պատասխան չկա։
Գալյանը կրկնել է, որ դատարանի որոշումները պարտավոր են կատարել բոլորը՝ քննիչները, դատախազներն ու քաղաքացիները։ «Բայց, չիմանալով կոնկրետ գործի հանգամանքները, չեմ կարող կոնկրետ պատասխան տալ։ Եթե ցանկություն ունեք, կարող եք մեզ տեղեկացնել, մենք կփորձենք ուսումնասիրել գործը»,- առաջարկել է նախարարը։