Ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք. Մանուկյանը՝ Պապոյանին
«Այսօր էլ կարող են գալ և բջջային ծառայությունների օպերատոր ստեղծել ԱՄԷ-ից, բայց մերոնք գնում են այնտեղ և ակնհայտ է, որ չեն թողնելու մտնել այդ շուկան, որովհետև այդ բջջային օպերատորները պատկանում են այդ մարդկանց ընտանիքներին, բոլորը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը և հարցրեց, թե ինչպես է ՀՀ կառավարությունը օգնելու, որ տնտեսվարողն այդ խնդիրը լուծի։
Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, որ երբ Հայաստանցի տնտեսվարողը գնում է ԱՄԷ և այնտեղ արհեստական խոչընդոտներ են ստեղծում, ապա ՀՀ կառավարությունն ի՞նչ գործիքակազմով է օգնելու նրան։
«Ես չեմ համարում, որ ՀՀ ԱԺ-ում մեր բարեկամ-գործընկեր երկրներից մեկի նկատմամբ այդպիսի հայտարարություններ անել, այն, իմ կարծիքով, ճիշտ ու լավ խոսակցություն չէ»,- ասաց Պապոյանը և պնդեց, որ ՀՀ-ԱՄԷ ծառայությունների և առևտրի մասին համաձայնագիրն այդ հարցի պատասխանը տալիս է, քանի որ երկկողմ տասնյակ աշխատակիցներ աշխատել են համաձայնագրի շուրջ և յուրաքանչյուր դրույթի համար «կռիվ են տվել»։
«Ցավում եմ, որ չեք ուզում փաստն արձանագրել։ Այդ երկրի կառավարման մոդելն է այդպիսին, ուզեք, թե չուզեք, այն այդպիսին է։ Ես փաստն եմ արձանագրել, ոչ թե ինչ-որ մի բան հորինում ու ստեղծում»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով որ այդ կառավարման մոդելն է նաև Արաբական թերակղզու և հարակից արաբական պետություններում։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո ԱՄԷ-ից կարող են գալ և դրանից լիարժեք օգտվեն, իսկ հայկական կողմը՝ ոչ։
«Ես ներկայացրել եմ իրականությունը, այն էդ երկրների կառավարման մոդելոն է, ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք»,-փաստեց Մանուկյանը