Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ. Պետրոսյան
«Ադեկվադ» միաբանության անդամ Գարեգին Պետրոսյանը գրել է. «Արթուր Դանիելյանի կալանքի անհրաժեշտության և վարույթի պատշաճ ջանասիրության վերաբերյալ․
Արթուր Դանիելյանի երեքշաբաթյա կալանքի ընթացքում, պաշտպանական կողմին հայտնի տեղեկությունների համաձայն, նրա մասնակցությամբ կամ անմիջականորեն նրան առնչվող որևէ էական քննչական գործողություն չի կատարվել։
Պաշտպանական կողմին հայտնի՝ այդ ընթացքում իրականացված գործողություններից է միայն «Ադեկվադ» միաբանության նախկին գրասենյակի խուզարկությունը։
Վարույթի նման ընթացքը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ քննության պատշաճ ջանասիրության, թե՛ Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելու շարունակական անհրաժեշտության վերաբերյալ։ Եթե քննության ընթացքը և հնարավոր ուշացումները չունեն ողջամիտ բացատրություն, իսկ կալանքի անհրաժեշտությունը չի հիմնավորվում կոնկրետ փաստերով, ապա ազատությունից նրա շարունակական զրկումը կրում է կամայական բնույթ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գործով ընդգծել է, որ կալանքը պետք է հիմնավորվի վերաբերելի և բավարար պատճառներով, իսկ իրավասու մարմինները պետք է վարույթն իրականացնեն հատուկ ջանասիրությամբ։ Կալանքը հիմնավորող փաստարկները չեն կարող լինել ընդհանուր և վերացական։
Այս պահանջները ենթադրում են, որ կալանքի շարունակականության հարցը քննարկելիս պետք է գնահատվեն ինչպես անձին անազատության մեջ պահելու համար ներկայացված պատճառները, այնպես էլ վարույթի իրական ընթացքը։
Սահմանադրական դատարանի դիրքորոշումը
Սահմանադրական դատարանը ՍԴՈ-871 որոշմամբ արձանագրել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է, որպեսզի անձի նկատմամբ կիրառվող դատավարական միջոցները պատժի տարրեր չպարունակեն։ Այս դիրքորոշումն արտացոլվել է նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1792 որոշման մեջ։
Հետևաբար, կալանքը չի կարող ծառայել որպես պատիժ կամ անձին մեկուսացնելու ինքնանպատակ միջոց․ դրա կիրառումը և շարունակությունը պետք է հետապնդեն օրինական քրեադատավարական նպատակ և հիմնավորվեն տվյալ գործի կոնկրետ հանգամանքներով։
Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0749/06/19 գործով որոշմամբ ընդգծել է, որ եթե ակտիվ նախաքննությունը հարաբերականորեն դադարեցված է, ապա արտակարգ հանգամանքների բացակայության պայմաններում անձի ազատության շարունակական սահմանափակումը չի կարող արդարացված համարվել։
Նույն գործով Վճռաբեկ դատարանը գնահատել է իրավիճակ, երբ կալանքի ընթացքում կատարվել էին խուզարկություն, մեկ վկայի հարցաքննություն և երկու հարցում, սակայն այլ գործողությունների կատարման ապացույցներ դատարան չէին ներկայացվել։ Դատարանը գտել է, որ այդ պայմաններում անհրաժեշտ ջանասիրության պահանջը պահպանված չէր, ինչը բավարար հիմք էր կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու համար։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցները բավարար չեն օրենքով նախատեսված նպատակներն ապահովելու համար։ Նույն հոդվածը պահանջում է, որ կալանքի իրավաչափության պայմանները հիմնավորվեն փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ և պատճառաբանված հաստատվեն դատարանի կողմից։
Հետևաբար, Արթուր Դանիելյանի կալանքի հարցը քննարկելիս դատարանը պարտավոր է գնահատել ոչ միայն կալանքը հիմնավորելու համար ներկայացված վտանգների իրականությունն ու հիմնավորվածությունը, այլև քննության ընթացքը և ազատությունը պակաս սահմանափակող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը։
Խուզարկության իրավաչափության հարցը
«Ադեկվադ» միաբանության նախկին գրասենյակի խուզարկությունը ևս պահանջում է առանձին գնահատական։ Անհրաժեշտ է պարզել դրա իրավական հիմքը, նպատակը, ծավալը և իրականացման պայմանները։
Բնակելի տարածքում խուզարկությունը կարող է խախտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, եթե չի համապատասխանում օրենքի պահանջներին կամ անհրաժեշտության և համաչափության չափանիշներին։
Եզրահանգում և պահանջ
Պաշտպանական կողմին հայտնի հանգամանքները լուրջ կասկածներ են հարուցում, թե արդյոք Արթուր Դանիելյանին կալանքի տակ պահելն իրականում շարունակում է ծառայել քրեադատավարական օրինական նպատակի։ Դրանք նաև մտահոգություն են առաջացնում, որ նրա ազատությունից զրկումը կարող է պայմանավորված լինել քաղաքական նկատառումներով։ Այս հանգամանքները պահանջում են անկախ և բազմակողմանի գնահատում։
Կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ վերանայել Արթուր Դանիելյանի կալանքի շարունակման անհրաժեշտությունը, ստուգել քննության իրական ընթացքը և, կալանքը հիմնավորող բավարար ու կոնկրետ հիմքերի բացակայության դեպքում, վերացնել այն՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով ազատությունը պակաս սահմանափակող այլընտրանքային խափանման միջոց։
Միաժամանակ պահանջում ենք պատշաճ գնահատական տալ «Ադեկվադ» միաբանության նախկին գրասենյակում իրականացված խուզարկության իրավաչափությանը:
Անձի ազատությունը չի կարող կախված լինել չհիմնավորված ենթադրություններից կամ քաղաքական նպատակահարմարությունից։ Իրավական պետությունում յուրաքանչյուր օր ազատությունից զրկելը պետք է հիմնավորված լինի օրենքով և կոնկրետ փաստերով»։