Ալիևը խոսել է Արցախի հանքերի իբր ապօրինի շահագործման մասին
«Մեր հողերի»՝ շուրջ 30 տարվա ընթացքում օտարերկրյա սուբյեկտների մասնակցությամբ մեր բնական ռեսուրսների, այդ թվում՝ օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի էկոլոգիային։ Այդ հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտների զգալի մասն օրինականացվել է միջազգային ֆինանսական ուղիներով։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների երրորդ բարձր մակարդակի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Թվային զարգացումը, մասնավորապես՝ արհեստական բանականության արագ տարածումը, կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, պայմաններ է ստեղծում կոռուպցիայի նոր ձևերի ի հայտ գալու և թվային ֆինանսական գործիքների չարաշահման համար։ Համապատասխան իրավապահ մարմինների կողմից ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներուժի արդյունավետ օգտագործումը հատուկ նշանակություն ունի նման հանցագործությունների կանխարգելման և արդյունավետ քննության համար»,- ասվում է ուղերձում։