Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից տուժած 39-ամյա Անի Ավետիսյանին այս շաբաթ պատրաստվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երրորդ անգամ վիրահատել։ Նրա քույրը՝ Արփին, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ բարդ վիրահատություններ են սպասվում՝ ծունկը, որը փշուր-փշուր է եղել ադրբեջանցի հրոսակի կրակոցից, իմպլանտով պետք է հավաքվի։
«Տրամադրությունը շատ վատ է, հեսա ամիսը լրանում է, դրանից է շատ նեղվում, ցավերից է նեղվում, մոտենում է իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 7-ը, բայց մինչեւ նոյեմբերի վերջ էլ կմնա։ Պարզ չէ, թե դեռ ինչքան կմնա հիվանդանոցում։ Աղջիկը հիմա մեր տանն է՝ Մասիսում, արձակուրդ է հիմա։ Տղայի դաստակը, որը վիրահատել էին, էլի շարժվել էր ոսկորը, նորից գիպսը փոխել են, 20 օր հետո պետք է ստուգեն, տեսնեն՝ ոնց է վիճակը, ինքը Մասիսի հիվանդանոցում է։ Մասիսի հիվանդանոցի տնօրենի հսկողության տակ է տղան»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Անիին այցելել էր դեպքից անմիջապես հետո, երբ նա վերակենդանացման բաժնում էր, եւ աղմուկը շատ մեծ էր։ Հետո Անիին այցելել էր ՄԻՊ-ը, հասարակական եւ քաղաքական մի շարք գործիչներ, բայց վերջին շաբաթներին ո՛չ նրան եւ ո՛չ էլ ընտանիքին այցելողներ այլեւս չեն եղել։ Աղմուկը դադարեց, հետաքրքրությունը նվազեց։ Արփին պատմում է՝ առողջապահության նախարարության աշխատակիցներ են վերջերս այցելել Մասիսում գտնվող ծնողների տուն, 500 հազար դրամ են որպես օգնություն տրամադրել, ինչը, իհարկե, բավարար չէ՝ երեխաների ճանապարհածախսը, սննդի հարցը լուծելու համար․ «Այդ ժամանակ նախարարությունը գումարով, սննդով եկել էր, Մասիսի հիվանդանոցի տնօրենն է գումարով օգնել եւ եւս մեկ կազմակերպություն է երեխեքին հագուստով օգնել։ Տրամադրված գումարը գնում է միայն ճանապարհածախսին։ 500 հազար է տվել նախարարությունը, Մասիսի գյուղից մենք մինչեւ գնում ենք իր մոտ, գնալ-գալով՝ ամենապակասը 10 հազարը կա։ Իրենք սնունդ տալիս են իրենց ճաշարանից․ այնպիսի բաներ կան, որ ինքը չի կարողանում ուտի, չի սիրում․ մենք պարտադիր սնունդ տանում ենք»։
Սիսիանի քաղաքապետարանի աշխատողներն են օգնել՝ մի տոպրակ միրգ են տարել եւ օգտագործված, փոքր չափի հագուստ․ «Մրգեր էին բերել՝ մի օրվա, ոնց մենք առեւտուր կանեինք մի օրվա համար, աղջկա հագած հագուստ էին բերել, աղջիկը 12 տարեկան է, բայց խոշոր երեխա է, իր տարիքից մեծ է երեւում, այդ հագուստն անգամ 8 տարեկան երեխայի հագով չէր լինի։ «Վորլդ Վիժնից» էին երեխաներին հագուստ տվել, դա երեխաների հագով էր։ Դրանից հետո ոչ ոք ոչ մի բանով օգնություն չի առաջարկել, չի եկել, գումարն էլ, որ փոխանցվել է, հազիվ հերիքում է ճանապարհածախսին, օրվա սննդին։ Ամուսինն էլ չի կարողանում աշխատել, ինքն էլ առողջական խնդիրներ ունի, վիրահատվել էր, հիմա էլ, էս դեպքից հետո երեխեքի հիվանդանոցի հարցերով է գնում-գալիս։ Թոշակառու է մայրիկս՝ նորից խնդիրներով, 70-ին մոտ են մեր ծնողները, մենակ հայրիկս է աշխատում․ էս դեպքից հետո ինքն էլ չի գնում աշխատանքի»։
Մի խոսքով, ընտանիքը ծանր կացության մեջ է հայտնվել ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ հոգեպես։ Իսկ ոմանք հայտարարում են՝ դե, մարդ էր, մոլորվել էր, մտել էր էդ տուն՝ մի կտոր հաց ուտելու, հանգստանալու․․․