Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Նիդեռլանդներում մահացել է Beekse Bergen սաֆարի պարկի աշխատակցուհին, որի վրա շաբաթ օրը հարձակվել էր ընձառյուծը, հայտնում է Associated Press-ը։
Կինը գլխի և պարանոցի ծանր վնասվածքներ էր ստացել պարսկական ընձառյուծի երկու արուների ազատավանդակում աշխատելիս։ Նա շուրջ 40 տարվա մասնագիտական փորձ ուներ, հայտնել են պարկի տնօրինությունից։
Տուժածը մահացել է երեքշաբթի։ Նրա անունը չի հրապարակվում՝ ըստ Նիդեռլանդների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության։
«Նրա մահը խորապես ցնցել է բոլորիս։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, ընկերներին և հարազատներին»,- ասվում է սաֆարի պարկի և մահացածի հարազատների համատեղ հայտարարության մեջ։
Կինը կենդանաբանական այգում աշխատանքի էր անցել 17 տարեկանում և այնտեղ էր անցկացրել իր 40-ամյա աշխատանքային գործունեության գրեթե ամբողջ ընթացքում։ Հարձակումից հետո նա կարողացել էր ռադիոկապով գործընկերներին հայտնել, որ վնասվածքներ է ստացել։ Տեղական ժամանակով 11:00-ի սահմաններում պարկ էին ժամանել շտապօգնության բրիգադը և բժշկական ուղղաթիռը։ Կինը շտապ վիրահատության էր ենթարկվել, սակայն կիրակի երեկոյան նրա վիճակը վատացել էր։ Այդ ժամանակ պարկի ներկայացուցիչները հայտնել էին, որ նրա փրկության հույս չունեն։
Դեպքի պատճառները քննվում են։ Քննիչները պետք է պարզեն, թե ինչու էր աշխատակցուհին գիշատիչների հետ նույն ազատավանդակում. պարկի կանոններով անձնակազմին սովորաբար արգելվում է նման կենդանիների հետ նույն տարածքում գտնվել։
Սաֆարի պարկը Նիդեռլանդների հարավում է՝ Հիլվարենբեկ քաղաքում։ Տնօրինությունը մտադիր է պարկի տարածքում հատուկ վայր առանձնացնել, որտեղ այցելուներն ու աշխատակիցները կկարողանան ցավակցություններ հայտնել։