Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի վերաբերյալ։
Փաթեթը մշակվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավի շրջանակում։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
Նախարարի խոսքով՝ կառավարությունն սկզբունքային դրական դիրքորոշում ունի նախագծերի առնչությամբ, և ներկայացվել են առաջարկներ, որոնք հիմնականում միտված են նախագծերի առանձին դրույթների կատարելագործմանը։ Նա ընդգծել է, որ նախագծերի փաթեթով վերացվում է նախազգուշացումը՝ որպես ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանական միջոց, որն արդյունավետ չէ, այնուամենայնիվ, փոխարենը պետք է ապահովել նախազգուշացման չկիրառման պայմաններում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման վերցնելը, ինչը թույլ կտա ոստիկանությանը շարունակել ուշադրության կենտրոնում պահել բռնություն գործադրած անձին։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ փաթեթի կարևոր առանձնահատկություններից է բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված վերականգնողական ծրագրերի ինստիտուցիոնալացումը։
Նախարար Սարգսյանը կարևորել է այն կարգավորումները, որոնց նպատակն է ընտանեկան բռնության դեպքերին պետության արձագանքը դարձնել ավելի հետևողական և նվազեցնել տուժածի վրա դրված պատասխանատվության բեռը։ Ըստ Արփինե Սարգսյանի՝ հաճախ տուժածները վախի, սոցիալական կախվածության, երեխաների կամ այլ հանգամանքների պատճառով չեն դիմում իրավապահ մարմիններին կամ հետագայում հաշտվում են, հրաժարվում են հաղորդում ներկայացնելուց։ Այս առումով Նախարարը կարևորել է նախագծերի փաթեթով հաշտության կամ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունների բացառումը՝ ընդգծելով, որ նման դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել բռնության կրկնության վտանգը։
Նախագծերի փաթեթով նաև առաջարկվում է որդեգրել այն ընդհանուր մոտեցումը, որ տուժողը չպետք է ստիպված լինի բռնության հետևանքով լքել իր բնակության վայրը, և առաջին հերթին պետք է քննարկվի բռնություն գործադրած անձին նրա բնակության վայրից հեռացնելու արդյունավետությունը։ Բռնության ենթարկված անձը պետք է ապաստարան տեղափոխվի միայն այն դեպքում, երբ նրա անվտանգությունը հնարավոր չէ ապահովել իր մշտական բնակության վայրը պահպանելու պարագայում։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի նպատակներից է նաև ապահովել, որ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ իրավական գնահատականները լինեն հստակ և միատեսակ՝ ինչպես օրենսդրության, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայի մակարդակում։
Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ հաղորդումների աճը կարող է վկայել իրավապահ համակարգի, մասնավորապես՝ ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման և դեպքերի մասին հաղորդելու պատրաստակամության մեծացման մասին։
Ամփոփելով՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը պետության հետևողական միջամտության ամրապնդումն է, կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը, տուժածների պաշտպանության արդյունավետության բարձրացումն ու բռնություն գործադրած անձանց վարքագծի փոփոխությանն ուղղված միջոցների ներդրումը։
Նախարարը պատասխանել է նաև նիստի մասնակիցների հարցերին։