ԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
ԿԳՄՍ նախարարության և «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, մասնավորապես՝ որմնանկարների պահպանության նպատակով:
«Որմնանկար-մոնումենտալ ժառանգության» հիմնադրամը սեփական միջոցների հաշվին կուսումնասիրի և կկազմի Վայոց ձորի մարզի Սերս գյուղի 19-րդ դարի որմնանկարների մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը և կներկայացնի նախարարության համաձայնեցմանը, իր միջոցներով կիրականացնի համակարգված ուսումնասիրություն (նկարագրություն, տեխնիկական վիճակ, վտանգվածության աստիճան և այլն) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող որմնանկարների վերաբերյալ, կփաստագրի ու կկազմի դրանց ճշգրտված ցուցակները՝ ներկայացնելով նախարարությանը: Նոր որմնանկար հայտնաբերելու դեպքում՝ առաջարկ կներկայացնի նախարարությանը՝ փորձագիտական հանձնաժողովում արժևորման հարցը քննարկելու նպատակով, իր միջոցներով կկազմի որմնանկարի մաքրման և ամրակայման գիտանախագծային փաստաթղթերը՝ ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը: Կազմակերպությունը նախարարությանը կտրամադրի հեղինակային, տեխնիկական հսկողությունների և կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրերը՝ նախատեսվող աշխատանքների թույլտվություն ստանալու նպատակով: