«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի անունից «Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ։
Նշված օգտահաշիվների միջոցով տարբեր անձանց և տնտեսվարող սուբյեկտների կարող են ուղարկվել հաղորդագրություններ՝ հանձնարարականներ տալու, տեղեկություններ պահանջելու, մասնագիտական կամ ներքին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև տեղեկատվության փոխանցում պահանջելու նպատակով։
Տեսչական մարմինը հորդորում է․
Չկատարել նշված օգտահաշիվների միջոցով ուղարկվող հանձնարարականները և ցուցումները։
Չտրամադրել և չփոխանցել որևէ տեսակի ծառայողական, մասնագիտական, ներքին կամ այլ տեղեկատվություն։
Չուղարկել փաստաթղթեր, տվյալներ կամ այլ նյութեր և չկատարել կասկածելի հաղորդագրություններում ներկայացված պահանջները։
Չհիմնվել նման հաղորդագրությունների վրա՝ որպես պաշտոնական հանձնարարականների կամ պահանջների։
Կասկածելի հաղորդագրություններ ստանալու դեպքում պահպանել դրանք և տեղեկացնել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
Տեղեկացնում ենք, որ ԲԸՏՄ-ի պաշտոնական հանձնարարականները, տեղեկատվության պահանջները և ծառայողական հաղորդակցությունն իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և պաշտոնական հաղորդակցման միջոցներով։
Կասկածելի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու համար խնդրում ենք կապ հաստատել ԲԸՏՄ-ի թեժ գծի՝ 119 հեռախոսահամարով կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@ecoinspect.gov.am։
Խնդրում ենք լինել զգոն, չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին և տարածել այս նախազգուշացումը՝ կեղծ օգտահաշիվների միջոցով հնարավոր չարաշահումները կանխելու համար։