Սիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկը
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է 2024 թվականի դեկտեմբերին տապալված Բաշար Ասադի կառավարման տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած 14 նախկին զինվորականների և ուժային կառույցների աշխատակիցների ձերբակալության մասին։ Ձերբակալվածների թվում է Սիրիայի նախկին առաջնորդի զարմիկը՝ գնդապետ Յահյա Ասադը։
Սիրիայի ՆԳՆ ներկայացուցիչ Նուրեդդին ալ-Բաբայի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ձերբակալություններն իրականացվել են նախկին վարչակարգի հանցագործությունների հետաքննության շրջանակում։
Բացի նախկին նախագահի ազգականից՝ կալանավորվել են նաև ռազմաօդային ուժերի հետախուզության քննչական բաժինների նախկին ղեկավարներ, բանակի բարձրաստիճան հրամանատարներ, ռազմական օդաչուներ, ինչպես նաև անձինք, որոնք անմիջականորեն կասկածվում են խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների և հաշվեհարդարների կազմակերպման ու իրականացման մեջ։
Գերատեսչությունն ընդգծել է, որ հետաքննչական գործողությունները և տապալված վարչակարգի մյուս բարձրաստիճան գործիչների որոնումները շարունակվում են։