Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ Շաֆիև
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայման, և այդ պահանջը չի կարելի չափազանցված համարել։
Աս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ Բրյուսելի Էգմոնտի ինստիտուտում անցկացված Ադրբեջանի և Եվրամիության վերլուծական կենտրոնների համաժողովում։
«Սահմանադրական հստակությունը խաղաղության խոչընդոտ չէ։ Դա այն հիմքն է, որի վրա կառուցվում է կայուն խաղաղությունը։ Պայմանագիրը չի կարող համատեղ գոյակցել իրեն հակասող սահմանադրության հետ»,- ասել է Շաֆիևը։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, սակայն այն ստորագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության այն դրույթը, որը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
«Ոմանք դա չափազանցված պահանջ են համարում։ Սակայն ես մեր եվրոպացի բարեկամներին կառաջարկեի դիմել խաղաղ կարգավորման սեփական փորձին»,- ընդգծել է նա։
Որպես օրինակ՝ Շաֆիևը նշել է Բելֆաստի համաձայնագիրը, որն ուղեկցվել է Իռլանդիայի Սահմանադրության փոփոխություններով, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիան, որը Հունաստանի հետ վեճի կարգավորման շրջանակում փոփոխություններ է կատարել իր Սահմանադրության մեջ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բանակցություններ վարել անմիջականորեն՝ առանց երրորդ կողմերի միջնորդության։ «Ադրբեջանը չի ձգտում երրորդ կողմերի միջնորդությանը։ Երկու երկրներն էլ ցույց են տվել, որ կարող են ուղիղ բանակցություններ վարել և արդյունքների հասնել»,- ասել է նա։
Միաժամանակ Շաֆիևն ընդգծել է, որ խաղաղ գործընթացին հակազդում են որոշ քաղաքական շրջանակներ, այդ թվում՝ Եվրոպայում հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ նրանք չեն կարողանա տապալել հարաբերությունների կարգավորման ներկայիս հնարավորությունը։
«Ի վերջո, պատասխանատվությունն ընկած է երկու երկրների կառավարությունների վրա, սակայն նշված ուղղություններով օգնությունն ու աջակցությունը նույնպես շատ կարևոր են»,- նշել է նա։